«Չեմ կարող ասել, որ նա շատ ուրախ էր իր ուղին շարունակելու իմ որոշման համար». Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի առաջին cover-ը, երգչուհի դառնալու որոշումն ու հոր արձագանքը

18:04   17 ապրիլի, 2021

Արսեն Սաֆարյանի 18-ամյա դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, օրերս զարմացրեց իր հետեւորդներին ու երգչի երկրպագուներին՝ տեղադրելով Սոնա Ռուբենյանի` «Ապրելու չափ համառ» երգի իր cover տարբերակը: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Էլենը ժառանգել է հայրիկի՝ երգելու տաղանդը, իսկ, թե ինչպես որոշեց հենց այս շրջանում ցուցադրել իր կարողությունները, ինչպես է հայրն ընդունել իր որոշումն ու, արդյոք, պատրասվում է սկսել երգչուհու կարիերա՝  NEWS.am STYLE-ը պարզել է նրանից:

Էլենն ասում է, որ մանկուց է հասկացել, որ երգն իր կյանքի անբաժան մասն է դառնալու: Նա ավարտել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որտեղ ունեցել է  թե՛ վոկալի դասեր, թե՛ հաճախել է սոլֆեջիոյի։ Էլենը սովորել է նաեւ դերասանական վարպետություն, երգի ոճաբանություն եւ բեմական կեցվածք։

«Կարելի է ասել՝ կողքից միշտ են խորհուրդ տվել, եւ իմ ցանկությունն է եղել նաեւ, անպայման, երգել ու շարունակել զբաղվել երգով, ուղղակի ես եւ հայրս գտանք, որ հիմա է ճիշտ ժամանակը որեւէ քայլ անելու»,-պատմում է նա:

Անդրադառնալով Սոնա Ռուբենյանի երգի ընտրությանը՝ Էլենը նշեց.

«Հայերեն երգեր, առհասարակ, քիչ եմ լսում, քանի որ ավելի շատ սիրում եմ արտասահմանյան pop եւ RnB ժանրերը։ Կան 5 արտիստներ, այդ թվում նաեւ հայրս, որոնց երգարվեստով հիանում եմ եւ լսում իրենց երգերը՝ Սոնա Ռուբենյան, Սիրուշո, Իվետա Մուկուչյան եւ Հայկո։ Իսկ «Ապրելու չափ համառ» երգը, առհասարակ, իմ ամենասիրելի երգերից է»։

Հարցին՝ չի՞ պստրաստվում հոր՝ Արսեն Սաֆարյանի երգացանկին էլ անդրադառնալ՝ Էլենը պատասխանեց.

«Հայրիկի, գրեթե, բոլոր երգերն անգիր գիտեմ, բայց իմ ձայնին այդքան էլ համապատասխան չեն, ուստի դեռ չեմ անի cover հենց իր երգերից»։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է Արսենը վերաբերվել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը.

«Չեմ կարող ասել, որ նա շատ ուրախ էր իր ուղին շարունակելու իմ որոշման համար, քանի որ շոու-բիզնեսը միշտ չէ կայուն ոլորտ, բայց, իհարկե, նա ոգեւորում է զբաղվել սիրելի գործով եւ աջակցում ինձ ամեն հարցում: Խորհուրդն էլ այն է, որ անպայման ունենամ երկրորդ մասնագիտություն, լինեմ կիրթ երգչուհի»:

Իսկ երգչուհի դառնալ Էլենը հստակ է որոշել.

«Այո, հիմա վստահ գիտեմ՝ ինչ եմ ուզում, եւ երգչուհու կարիերա սկսելու մտադրություն կա: Դեռ չեմ ուզում խոսել առաջիկա քայլերի մասին, թող անակնկալ լինեն»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Էլեն Սաֆարյանը



© NEWS.am STYLE