L’One-ը դատարանի միջոցով Black Star-ից ստացել է իր կեղծանունն օգտագործելու իրավունքը

14:53   20 ապրիլի, 2021

Ռուս ռեփեր Լեւան Գորոզիան, որն առավել հայտնի է որպես L’One, Black Star լեյբլից դատարանի միջոցով ստացել է իր կեղծանվան օգտագործման իրավունքը։ Արտիստը դատաքննության ավարտի մասին հայտնել է Instagram-ում։

«L’One-ը վերադարձել է, բայց Լեւան Գորոզիան ոչ մի տեղ չի հեռանում։ Գնացինք», հրապարակումը մակագրել է հիփ-հոփ կատարողը։

Նրա խոսքով՝ ինքը լեբլի ղեկավարների՝ Պաշուի եւ Վալտերի հետ համաձայնագիր է ստորագրել, ըստ որի՝ կրկին կարող է երաժշտություն եւ այլ բովանդակություն թողարկել բեմական անվան ներքո։ Գորոզիան ընդգծել է, որ դատական վեճը, որը շարունակվել է մոտ երկու տարի, ամբողջությամբ հարթված է։ Ռեփերը գործընկերներին շնորհակալություն է հայտնել անցյալում երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության համար։

Հունվարին ռուս ռեփեր եւ պրոդյուսեր Տիմատին բացահայտել էր Black Star լեյբլից հեռանալու իրական պատճառը։ Նրա խոսքով՝ ինքը միշտ ցանկացել է «լավ արտադրանքի եւ ոչ թե արտիստների» պրոդյուսեր լինել։

 



© NEWS.am STYLE