Chanel-ը պարտվել է Huawei-ի դեմ դատական գործը

13:29   23 ապրիլի, 2021

Եվրոպական դատարանը մերժել է  Chanel-ի առարկություններն ընդդեմ Եվրոպայում Huawei ընկերության լոգոտիպի գրանցման։ Ապրանքանիշի խոսքով՝ խորհրդանշանը «շատ նման» է նրան, որն օգտագործում է Chanel-ը։ Դատարանը որոշումը բացատրել է նրանով, որ բրենդների լոգոտիպերը բավական շատ տարբերող նշաններ ունեն։

Ընկերությունների միջեւ վեճերը սկսվել են դեռ 2018թ․-ին, երբ Chanel-ը բողոքի նոտ է հղել Եվրոպայում Huawei ապրանքանիշի լոգոտիպի գրանցման դեմ, սակայն առարկությունները չեն բավարարվել։ 2019թ․-ին ապրանքանիշը բողոք է հղել EUIPO՝ վիճարկելու համար որոշումը, սակայն կրկին մերժում է ստացել։ Խորհուրդը պարզաբանել է, որ լոգոտիպերը «տարբեր էլեմենտներ ու կառուցվածք» ունեն, իսկ փաստը, որ լոգոներից յուրաքանչյուրը «երկուական էլեմենտ ունի, որոնք միահյուսված են», բավարար չէ դրանք նմանատիպ ճանաչելու համար։ Այդ ժամանակ Chanel-ը դիմել է Եվրոպական դատարան, որը ապրիլի 21-ին լոգոտիպերի մանրամասն համեմատություն է կատարել։

«Նշանները, որոնց մասին խոսք է գնում, որոշակի նմանություն ունեն, սակայն դրանց վիզուալ տարբերություններն էական են։ Մասնավորապես, Chanel ապրանքանիշի լոգոտիպն առավել կոր, հաստ գծեր ունի եւ հորիզոնական դիրք այն դեպքում, երբ Huawei-ի էմբլեմի ուղղությունն ուղղահայաց է»,- ասված է պարզաբանման մեջ։



© NEWS.am STYLE