Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի մեքենան աճուրդի կհանեն

14:07   23 ապրիլի, 2021

Քեմբրիջի դքսուհի Քեթրինի եւ նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի մեքենան վաճառքի կհանեն 2021թ․-ին, հայտնում է Daily Mail-ը։

Խոսքը «Range Rover Vogue SE SUV» կապույտ ամենագնացի մասին է, որը 2013թ․-ին տրվել է զույգին «Land Rover» ընկերության կողմից անձնական օգտագործման համար։ Ութ տարվա օգտագործման արդյունքում մեքենայի վազքը կազմում է 61 հազար կիլոմետր։ Ըստ հրապարակման՝ տրանսպորտային միջոցը «Bonhams» աճուրդի տանը ներկայացրել են ոչ թագավորական ընտանիքն ու արտադրողը, այլ անանուն վաճառողը, որն մեքենան գնել է 2020թ․-ի հուլիսին Jardine Lancaster Bracknell դիլերական կենտրոնից։

Աճուրդը կկայանա Բայսեստեր քաղաքում մայիսի 22-ին։ Bonhams-ի մասնագետները լոտի արժեքը գնահատում են 30 հազար ֆունտ ստերլինգ։

Հայտնի է, որ նախկին տսեփականատերերի խնդրանքով ամենագնացը հագեցրել են լրացուցիչ գործառույթներով։ Դրանց ցանկում էին լրացուցիչ ոտնատեղը թագավորական պարտականությունները կատարելու ընթացքում մեքենայից դուրս գալը հեշտացնելու համար, սառնարան խմիչքների համար, ինչպես նաեւ ռետինե գորգեր։

Բացի դրանից՝ «Range Rover»-ը հագեցած է 4,4 լիտրանոց դիզելային շարժիչով՝ 350 ձիաուժ հզորությամբ։ Այն ներկառում է կայանելիս օգնության համակարգ, դիմացի եւ հետեւի նստատեղերի տաքացում, անվտանգության լրացուցիչ բարձիկներ։

 



© NEWS.am STYLE