«Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ»․ Ժաննա Լեւինան հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին Հիտլերի խոսքերը

12:52   24 ապրիլի, 2021

Հայտնի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր Instagram-ում գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին: Նա դրվագ է հրապարակել «Բառերի գաղտնի կյանքը» ֆիլմից, որտեղ հերոսները հիշում են Ադոլֆ Հիտլերի խոսքերը՝ Հայոց ցեղասպանության մասին:

«2015 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության քրիստոնյա էթնիկ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումն է, որը տեղի է ունեցել 1915 թվականի գարնանից մինչեւ 1916 թվականի աշուն: Օսմանյան կայսրությունում այդ ժամանակ ապրում էր մոտ 1,5 մլն հայ։ Ցեղասպանության ժամանակ զոհվել է առնվազն 664 հազար մարդ։ Ենթադրություններ կան, որ զոհվածների թիվը կարող էր հասնել 1,2 մլն-ի։

Առաջին անգամ ցեղասպանություն եզրույթը շրջանառության մեջ է դրել հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1943 թվականին՝ այն օգտագործելով «Առանցքային պետությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում» (1944) գրքում՝ նկատի ունենալով 1915 թվականին հայերի բնաջնջումը որպես ցեղասպանության հիմնարար օրինակ:

Իմ ժողովուրդը նույնպես վերապրել է ցեղասպանությունը, եւ ամբողջ աշխարհը գիտի այդ մասին ու ճանաչում է այդ հրեշավոր փաստը։

Ես ուզում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին էլ իմանան որքան հնարավոր է շատ մարդիկ, որպեսզի միջազգային հանրությունը աչք չփակի դրա վրա։ Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ, անցյալը պետք է կարողանալ ճանաչել: Առանց անցյալի սխալները գիտակցելու երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի», - նշել է Լեւինան։

 



© NEWS.am STYLE