«Պապս փրկվել է՝ ապաստան գտնելով Սիրիայի եւ Լիբանանի որբանոցներում՝ առանց իր ընտանիքի: Մոտ 20 տարի անց մոր հետ հանդիպել են Ստամբուլում»․ Sebu-ի գրառումն իր ընտանիքի դաժան պատմության մասին

18:24   24 ապրիլի, 2021

Ամերիկահայ երգիչ, Capital’s Cities հայտնի խմբի անդամ Սեպուհ Սիմենեանը՝ Sebu-ն, Instagram-ի իր էջում կիսվել է The Killer’s Baby երգով եւ արել հետեւյալ գրառումը.

«Սա երգ է, որի մեջ ես պատկերացնում եմ, թե կորցնում եմ հորս, իսկ հետո մտածում, թե ինչ կլիներ, եթե հանդիպեի նրան սպանողի սերունդին: Արդյոք կլցվե՞մ բարկությամբ ու կփորձեմ վրեժխնդի՞ր լինել, թե՞ կներեմ նրանց:

1915-ը շատ հին անցյալ է թվում, բայց դա այդպես չէ:

Այդ ժամանակ իմ պապը 3 տարեկան էր՝ ընդամենը երկու սերուդ առաջ: Նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ սպանվել են, այդ թվում՝ նրա հայրը: Նա բաժանվել է իր մորից: Նա փրկվել է՝ ապաստան գտնելով Սիրիայի եւ Լիբանանի որբանոցներում՝ առանց իր ընտանիքի: Մոտ 20 տարի նա փնտրել է իր մորը, մինչեւ որ նրանք հանդիպել են Ստամբուլում:

Իմ բոլոր նախապապերն էլ վտարվել են Արեւմտյան Հայաստանի իրենց քաղաքներից, որոնք հիմա գտնվում են մերօրյա Թուրքիայի տիրապետության ներքո:

Այսօրվա հայերը ժառանգել են ցեղասպանության ամբողջ ցավը: Թուրքերն էլ ժառանգել են պատասխանատվության մի մեծ բեռ: Մենք չենք կարող ներել այս ամենը եւ դրան մոտ ոչինչ չի կարող լինել առանց ներողության ու հատուցումների: Ցավոք՝ թուրքերը հերքել են ճշմարտությունն ու խուսափել արդարադատությունից: Ավելի վատ՝ նրանք շարունակում են 106 տարի առաջ սկսած ցեղասպանության անվերջանալի գործընթացը: Դրան գումարած՝ հիմա նրանք վերանվանված՝ որպես ադրբեջանցիներ, կիրառում են ինքնասպան ինքնաթիռներ ու սպիտակ ֆոսֆոր»:



© NEWS.am STYLE