«Ամեն օր սպասում եմ նրա լույս աշխարհ գալուն». Անի Դաշյանը՝ երկրորդ անգամ մայրանալու եւ հղիության ընթացքում կորոնավիուսով վարակվելու մասին

16:05   26 ապրիլի, 2021

Հաղորդավարուհի Անի Դաշյանը շուտով երկրորդ անգամ կմայրանա: Հղիության վերջին ամսում գտնվող հաղորդավարուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ երկրորդ երեխան աղջիկ է լինելու: Նա նաեւ պատմեց, թե ինչպես է ամուսնուն հայտնել ուրախալի լուրը եւ ինչպես է արձագանքել որդին՝ Ռոբերտը, երբ իմացել է, որ քույր է ունենալու:

«Բալիկիս մասին լուրն իմացել եմ անցած տարի ամռանը, այսինքն՝ արդեն հղիության վերջին ամսում եմ, եւ արդեն ամեն օր սպասում եմ նրա լույս աշխարհ գալուն»,-վերհիշեց Անին:

«Ամուսնուս լուրը հայտնեցի ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ. հեռախոսով հաղորդագրություն ուղարկեցի, քանի որ շատ անհամբեր եմ բնավորությամբ, չսպասեցի, նույնիսկ, աշխատանքից տուն վերադառնա»,-ժպիտով հավելեց նա:

Թեեւ ծնողներն արդեն պարզել են, որ դուստր են ունենալու, նրա համար անուն դեռեւս չեն ընտրել.

«Անվան հետ կապված դեռ մտածում ենք ու այդպես էլ չենք կողմնորոշվում: Մի քանի տարբերակ քննարկել ենք, ծնվելուց հետո պարզ կդառնա»,-նշեց նա:

Անդրադառնալով որդու սպասումներին՝ Անին հավելեց.

«Շատ եմ լսել կարծիքներ, որ երկրորդ երեխային առաջնեկները խանդում են, դժվար են համակերպվում այն փաստին, որ իրենցից բացի էլի կա մեկը,  ում պետք է ծնողները սիրեն, պահեն, մեծացնեն, բայց մեզ մոտ, կարծես, այդ դեպքը չէ: Ռոբերտը սիրով սպասում է քույրիկին, ամեն օր հարցնում՝ երբ է գալու, մտածում է՝ ինչպես է խաղալու նրա հետ, կերակրելու, մի խոսքով, մեծ քնքշանքով է խոսում քույրիկի մասին»:

Հաղորդավարուհին նաեւ նշեց, որ հղիության ընթացքում հասցրել է վարակվել Covid19-ով, ինչի պատճառով մոտ տասն օր ստիպված է եղել անցկացնել հիվանդանոցում:

«Այս անգամ հղիությունս ավելի թեթեւ էր ընթանում, մինչև վերջերս, երբ հիվանդացա Քովիդով եւ ստիպված եղա հիվանդանոցում տասն օրից ավել անցկացնել: Բայց, փառք Աստծո, հիմա արդեն կազդուրվել եմ, տանն եմ ու ինձ լավ եմ զգում, ինչի համար շատ շնորհակալ եմ մեր բժիշկներին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անի Դաշյանի Facebook-ից



© NEWS.am STYLE