Պոլինա Գագարինան պատմել է, թե ինչպես է բեմում հոդախախտ արել ուսը

14:31   28 ապրիլի, 2021

Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան Ինստագրամյան էջում խոստովանել է, որ ուսը պարբերաբար հոդախախտ է լինում։ Խնդիրն առաջին անգամ ի հայտ է եկել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայիում ուսանելու տարիներին։ 

Հենց այդ պատճառով էլ Չելյաբինսկում համերգի ընթացքում երգչուհին հոդախախտ է արել ուսը. արտիստը երգի կատարման ընթացքում ցավից կռացել է։ «Ավելի քան 10 տարի ատաջ ուսս սկսվեց հոդախախտ լինել։ Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի անհաջող ժեստի արդյունքում»,- պարզաբանել է երգչուհին։

Նա հավելել է, որ համերգային հրապարակում շատ ցուրտ է եղել, ինչը մկանների սպազմ է առաջացրել։ «Ինչպես երեւում է տեսանյութում, ես ձեռքերս պարզեցի, եւ հոդը պարզապես դուրս եկավ։ Դա չափազանց սուր ցավ է (ովքեր դա զգացել են, կհասկանան ինձ)։ Այն ուղղելու համար հարկավոր է ձեռքն առաջ պարզել եւ վերեւ բարձրացնել։ Ես կարողանում եմ ինքս անել դա»,- ասել է Գագարինան։

Արտիստը վիրահատություն չի կատարելու, քանի որ միջամտությունն իր դեպքում ոչ միշտ է արդյունավետ։ Միջադեպից հետո Պոլինա Գագարինան իրեն լավ է զգում, իսկ հաջորդ օրն արդեն իսկ ելութ է ունեցել Եկատերինբուրգում։

 



© NEWS.am STYLE