Ավելի, քան 220 շարադրություն եւ 10 հաղթող. ամփոփվեցին «Իսկական հերոսը» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

23:04   28 ապրիլի, 2021

Ավելի քան 250 դպրոց, 220 շարադրություն եւ 10 հաղթող. Այսօր՝ ապրիլի 28-ին, ամփոփվեցին դպրոցականների շրջանում հայտարարված՝ «Իսկական հերոսը» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները:

Մրցույթում հաղթող ճանաչված երկու լավագույն աշակերտներն են՝ Անժելիկա Ստեփանյանն ու Էլեն Ասատրյանը, որոնց հանձնվեցին սերտիֆիկատներ, որով նրանց դպրոցների բոլոր աշակերտները հնարավորություն ստացան առաջինը դիտելու «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը, որը մեծ էկրան կբարձրանա վաղը՝ ապրիլի 29-ին:

«Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրոդյուսերներից Վահան Գրիշկյանը, անդրադառնալով շարադրությունների մրցույթ կազմակերպելու գաղափարին, նշեց.

«Մեր ֆիլմը դպրոցականների մասին է, որոնք իրենց մեջ գտնում են հերոսական ջիղ, փորձում փրկել իրենց հարազատ դպրոցը: Հենց այս բարի գաղափարի շուրջ էլ ծնվեց այս մրցույթի միտքը: «Իսկական հերոսը» մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում դիտել ֆիլմը: Սա ունի խորհուրդ`իրականում հերոս լինելու համար անպայման չէ ակնկալել  որեւէ նյութական բան. մենք ուզում ենք, որ երեխաները սովորեն, որ հերոս լինելու համար պետք է լինես նվիրված քո ընկերներին, լինես բարի, նպատակասլաց ու չսպասես նյութական պարգեւատրման»:

«Իսկական հերոս» շարադրությունների մրցույթի կազմակերպիչը Տաթեւիկ Հարությունյանն է, ժյուրիի կազմում ընգրկված էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Աննա Բաշխյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, որը եւս նկարահանվել է «Մի անգամ դպրոցում» ֆիլմում, ֆիլմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ու գրող Արամ Ավետիսը: Նրանք էլ պարգեւատրեցին լավագույն տասը շարադրությունների հեղինակներին, որոնց թվում էին նաեւ  Նինա Բարբակաձեն, Լիլիթ Հովսեփյանը, Սոնա Միքայելյանը, Մարի Մարկոսյանը, Գուրգեն Բուլղազարյանը, Սուսաննա Մովսիսյանը, Ալբերտ Ղարագյոզյանը եւ Լիլի Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությանը՝ այն մի դպրոցական տղայի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսեւորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին: Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ եւ դառնալով իրական հերոս:

Ֆիլմում հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը, Վահագն Գալստյանը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Նաիրա Շահիրյանը, Դալիթա Ավանեսյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE