«Խորհուրդ ենք տալիս դիտել». Շախ եւ Մատ. «Թագուհու քայլը»

14:35   29 ապրիլի, 2021

Սպորտային դրաման գրեթե միշտ հիթ է։  Նախկինում այս ժանրում տիրում էր բռնցքամարտը, հետո ավելացան ամերիկյան ֆուտբոլը եւ բասկետբոլը, իսկ վերջերս՝ նաեւ հոկեյը, թենիսը եւ նույնիսկ «Ֆորմուլա 1-ը»։

Շախմատը էկրանավորման համար ձանձրալի նյութ է համարվել, բայց այսօր ամեն ինչ փոխվել է:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Թագուհու քայլը» մինի-սերիալը, որը բաղկացած է ընդամենը մեկ եթերաշրջանից (7 սերիա), որը ցուցադրվել է  Netflix սթրիմինգային ծառայությունում  2020 թվականի հոկտեմբերի 23-ին:

Սա  պատմություն է որբ Էլիզաբեթ Հարմանի մասին, ում ուղարկել են կաթոլիկ որբանոց։ Այնտեղ էլ աղջիկը ծանոթանում է տարեց հավաքարար Շայբելի հետ, ում խնդրում է իրեն շախմատ խաղալ սովորեցնել։ Մի քանի տարի անց աղջկան որդեգրում են: Նա սկսում է բոլորովին այլ կյանքով  ապրել, բայց նրա կյանքում գլխավորը լինելու է սերը շախմատի հանդեպ։

«Թագուհու քայլը» ոչ միայն պատմություն է թմրանյութերից կախվածություն ունեցող վունդերկինդի մասին, այլ շատ ավելի մեծ կտավ է, հետաքրքիր եւ բավականին գրագետ փորձ՝  շախմատն  էկրան տեղափոխելու համար:

Հեղինակները կարողացել են ցուցադրել ոչ միայն բուն խաղը, այլև նրա առանձնահատուկ աշխարհը։ Մի աշխարհ, որում եռում են իրական կրքերը, կոտրվում են սրտեր, փշրվում են ճակատագրեր և նույնիսկ պարզաբանվում են  գերտերությունների միջև հարաբերությունները:

Մի կողմից սա էպիկական պատկեր է այն մասին, թե ինչպես է«նոունեյմից» դառնալ աստղ, մյուս կողմից ՝ ուղեցույց նրանց համար, ովքեր չեն ցանկանում տառապել «աստղային հիվանդությամբ», երրորդ կողմից ՝ սա պատմություն է վստահության, նպատակասլացության  և  սեփական գործին նվիրվածության մասին։

Նախագծին հատուկ հմայք է տալիս առանձնահատուկ մթնոլորտը.առերևույթ ամեն ինչ պարզապես հոյակապ է, գունաշարը  սեպիայի տոնայնության մեջ լիակատար տեղափոխում է հանդիսատեսին 50-60-ական թվականներ:

«Սառը պատերազմի» մասին ֆիլմերը Հոլիվուդում վաղուց են սովորել նկարահանել հիանալի ոճով (հիշենք «Լրտես, դուրս արի» կամ «Լրտեսական կամուրջ» ֆիլմերը)։ «Թագուհու քայլը» վստահաբար տեղ է զբաղեցնում այդ դարաշրջանի մասին ճշգրիտ պատմող  սերիալների շարքում։ Այստեղ եւ՛ անհավատալի հագուստներ կան, ե՛ւ անսպասելի վայրեր, եւ՛ հզոր մոնտաժ, եւ՛ հիշարժան երաժշտություն, եւ այլն:

Սերիալում շատ զարմանալի է  Խորհրդային Միության մատուցումը: Խորհրդային շախմատիստներն ու Խորհրդային Միությունն ընդհանուր առմամբ մեծ համակրանքով են ցուցադրվում, անգամ գլխավոր հակառակորդ Բորգովը եզրափակիչ փուլում բացահայտվում է անսպասելի տեսանկյունից, իսկ խորհրդային պաշտոնյաներն ամերիկացիներից շատ ավելի համակրելի են:

Իհարկե, կան նաև բացասական կողմեր։ Բացի ակնհայտ հոլիվուդյան ավարտից, դա նաեւ ընդհանուր սյուժեն  է. այն բավականին փխրուն է, իսկ երբեմն՝ բացահայտ անփույթ: Սցենարիստների վրիպումները, ավաղ, թույլ չեն տալիս սերիալը անվանել մեծ, բայց, չնայած դրան, այն իսկապես հիասքանչ է:

Սերիալի ամենակարեւոր առավելությունը դերասանական կազմն է:

Անյա Թեյլոր-Ջոյն  իր կարիերայի դեռևս լավագույն դերն է խաղացել, իսկ նրա աչքերում կարելի է բառացիորեն խեղդվել:

Հարի Մելինգը, ով ավելի շատ հայտնի Է «Հարրի Փոթթերում» Դադլիի դերով, հոյակապ է իր՝ բարձունքին հասած շախմատիստի կերպարով։

Թոմաս Սանգսթերը փայլուն կերպով պատկերել է շախմատի աշխարհի ռոք աստղին։

Մարցին Յարոցինսկին թեկուզ եւ շեշտադրմամբ,այնուամենայնիվ կարողացել է փոխանցել սպառնալիքի զգացողությունը, որը գալիս է խորհրդային անպարտելի չեմպիոն Վասիլի Բորգովից։

Արդյունքում կարելի է եզրակացնել, որ «Թագուհու քայլը» վառ, գրավիչ եւ ինքնաբավ նախագիծ է, որն ավելի շատ ընկալվում է որպես ամբողջական յոթժամյա ֆիլմ, քան սերիալ, քանի որ այն նկարահանված է սիրով եւ գործի իմացությամբ:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE