Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. մենք շուտով ամուսնանում ենք

23:16   25 սեպտեմբերի, 2013

Ողջո՛ւյն: Երջանկությունից յոթերորդ երկնքում եմ: Կարծում էի՝ նման բան միայն կինոյում է լինում…

Իմ Հրանտը եկավ 3 օր անց: Իսկ երեկ երեկոյան ինձ ամուսնության առաջարկություն արեց: Ասաց, որ ցանկանում է ինձ տանել այստեղից, որ մենք ապրելու ենք երկար ու երջանիկ: Այդ, իհարկե, նշանակում է՝ վերջ իմ կարիերային, բայց սերն ավելի թանկ է:

Նրա ժամանման առաջին օրը մենք այդպես էլ չհանդիպեցինք. նրա հոր մահվան տարելիցն էր: Իսկ հաջորդ առավոտյան հանդիպեցինք սրճարանում: Նա այնքան լկտիաբար էր ժպտում, կարծես մեր միջեւ ոչինչ չի եղել: Ուզում էի մոխրամանը շպրտել նրա ուղղությամբ, բայց, բնականաբար, չարեցի:

5 րոպե անց լարվածությունն անցավ: Մենք նորից ծիծաղում էինք՝ հիշելով մանկության տարիները: Երբեմն սիրտս սեղմվում էր, քանի որ նա մի քանի օրից պետք է մեկներ: Եվ ես գիտեի, որ շատ եմ կարոտելու:

Իսկ հետո հանկարծ հարցրեց. «Այստեղից կգնայի՞ր»: Պատասխանեցի՝ նայած ուր եւ ինչու: Նա լռեց, իսկ սիրտս հույսով լցվեց: Խոսակցությունը շարունակվեց բոլորովին այլ հունով, եւ ես սկսեցի մտածել, որ ժամանակն է թաղել հուսս:

Միասին հրաշալի օր անցկացրեցինք: Երեկոյան Երեւանում զբոսնելիս նա հանկարծ բռնեց ձեռքս: Ես այնպիսի տեսք ընդունեցի, ասես այդպես էլ պետք է լիներ: Այնքան ծիծաղելի էր միասին անցկացրած գիշերվանից հետո նորից ձեռք ձեռքի բռնել եւ պատանիների նման վարվել:

Իսկ երեկ երեկոյան նա ինձ ամուսնության առաջարկություն արեց: Ասաց, որ չի կարողանում մոռանալ, որ չի կարողանում նայել ոչ ոքի, որ ես իրեն շատ եմ պետք: Պարզվում է՝ մինչ այդ ոչինչ չի ձեռնարկել, քանի որ վախեցել էր իմ արձագանքից: Հիմարի՛կ, չգիտեր, որ արդեն մի քանի ամիս չեմ կարողանում ապրել առանց իրեն:

Հիմա հարմար պահի ենք սպասում, որ ամեն ինչ պատմենք մեր հարազատներին: Ինչպես հասկացաք, այս խորագրում այլեւս ոչինչ չեմ գրելու:

Մտածելն անգամ ծիծաղելի է... Շրջում էի գիշերային ակումբներում եւ երեկույթներին՝ փնտրելով երազանքիս ամուսնուն, իսկ նա կողքիս էր:

Աղջիկներ, երազանքի տղամարդը երբեմն գրեթե կողքիդ է լինում: Եվ երջանկությունը քեզ գտնում է, երբ դրան բոլորովին չես սպասում:

Երջանկություն եմ մաղթում ձեզ:

Լիլիթ



© NEWS.am STYLE