Highfest 11-րդ միջազգային թատերական փառատոնը Երեւանում. բարձրագույն քիմիա եւ բազմազան անակնկալներ

14:18   25 սեպտեմբերի, 2013

Այս տարի` հոկտեմբերի 1-ից 12-ը հանդիսականի առջեւ իր դռները կրկին կբացի Highfest  11-րդ միջազգային թատերական փառատոնը, որը բազում հաճելի անակնկալներ է խոստանում թատրոնի սիրահարներին:

Փառատոնի այս տարվա ծրագրի եւ առանձնահատկությունների մասին այսօր` սեպտեմբերի 25-ին, պատմել է Highfest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը:


«Այս տարի 11-րդ Highfest-ն է մեզ մոտ, եւ մեզ համար դա նոր սկիզբ է, այսինքն տաս տարին մեկ աշխատեցինք, աշխատեցինք անձնմոռաց: Եվ այս տարի արդեն  նոր սկիզբ է, ռեբրեդինգ է նոր եղել: Ինչպես ամեն տարի ունենք նոր լոգո, դիզայն եւ կոնցեպտ: Եվ այս տարի մեր կոնցեպտն է “Բարձրագույն քիմիա”, այսինքն հնչում է այն գաղափարը, թե ինչից, որ տարրերից է բաղկացած մեր փառատոնը: Կա ե’ւ եռանդ, ե’ւ սեր, ե’ւ հանճար, ե’ւ հույս, ե’ւ համերաշխություն, ե’ւ գործողություն, ե’ւ պար, ե’ւ երազանք», - պատմել է փառատոնի նախագահը:

Նրա խոսքով, փառատոնի բացումը կկայանա Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որի բեմահարթակին հանդես կգա բրիտանական “1927” թատրոնը իր”Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները” ներկայացումով:
Փառատոնի նախագահը նշել է, որ ինչպես եւ ամեն տարի, Highfest-ը լի է լինելու բազմաժանր եւ նորարական ներկայացումներով, որոնք կցուցադրեն ամենահայտնի թատերախմբեր աշխարհի 18 երկրներից` ՌԴ, Արգենտինա, Իրան, Լատվիա, Լիտվա, Մեծ Բրիտանիա, Իտալիա եւ այլն:

Բացի այդ Արթուր Ղուկասյանը այս անգամ խոսել է նաեւ իր վրա դեռ Ռիգայում ամենից անմոռանալի տպավորություն թողած “Միրանդա” ներկայացումից, որը Երեւանի ՆՓԱԿ-ի բեմահարթակում կներկայացնի լիտվական Օսկարաս Կարշունովասի թատրոնը:
Ինչպես միշտ, ներկայացումների մուտքը ազատ է լինելու, եւ հրավիրատոմսերով կլինի միայն առաջին ներկայացման մուտքը:

Բացի այդ փառատոնի կազմակերպիչները նշել են, որ վերջինիս շրջանակներում Երեւանի պետական թատերական եւ կինոյի  ինստիտուտի ուսանողների համար վարպետության դասերով հանդես կգան փառատոնի հյուրերը:

Բացի այդ իրենց արվեստի գաղտնիքներից կխոսեն Իրանից ժամանած բեմանկարիչները, ովքեր փառատոնի շրջանակներում անցկացվող ամեն ներկայացումից առաջ դիմակներ  կպատրաստեն:

Ընդհանուր առմամբ` Highfest-ի ներկայացումները կբեմադրվեն մայրաքաղաքի 12 բեմահարթակներում, իսկ փառատոնը կունենա 200 մասնակիցներ եւ հյուրեր:
Փառատոնը տեղի կունենա Հայաստանի Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարարանի աջակցությամբ:

Լրացուցիչ տեղեկություններ թատրոնի սիրահարները կարող են ստանալ +37410 536233 հեռախոսահամարով կամ այցելել www.highfest.am կայքը:

Տեքստը` Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE