Ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներից հետո «Բժիշկ Ով» սերիալի աստղին զրկել են «BAFTA» մրցանակից

13:41   30 ապրիլի, 2021

Բրիտանական կինոակադեմիան սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով Նոել Քլարկին ժամանակավորապես զրկել է Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստների (BAFTA) մրցանակից, որը հանձնվել էր կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրման համար, հայտնում է կինոակադեմիան։

20 կին, որոնք Քլարկի հետ աշխատել են 2004-2019թթ․, դերասանին մեղադրել են սեռական ոտնձգությունների, նկարահանումների ընթացքում անընդունելի վարքագծի, մասնագիտական էթիկայի խախտման եւ վախեցնելու համար։

45-ամյա դերասանը հերքել է բոլոր մեղադրանքներն ու հայտարարել, որ կինոյում 20 տարվա աշխատանքի ընթացքում ոչ մի անգամ չի բախվել իրենից բողոքների հետ։ Նա նաեւ ներողություն է խնդրել բոլորից, ովքեր իր հետ աշխատանքի ընթացքում իրենց անհարմար են զգացել։ «Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկն, ով ինձ հետ աշխատել է, իրեն անհարմար է զգացել ու նվաստացած։ Ես կտրականապես հերքում եմ իմ կողմից սեռական պահվածքի վերաբերյալ ցանկացած մեղադրանք եւ մտադիր եմ ինձ պաշտպանել սուտ մեղադրանքներից»,- ասել է դերասանը։

Ամեն դեպքում, հրապարակումից հետո կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան որոշել է դադարեցնել Քլարկի անդամությունը։ Ակադեմիան հայտարարել է, որ դերասանին մրցանակը հանձնելուց առաջ նրա հասցեին մի քանի անանուն մեղադրանքներ է ստացել, սակայն այդ մեղադրանքները ոչ մի ապացույց չեն պարունակել։

Նոել Էնթոնի Քլարկն անգլիացի դերասան է, սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդյուսեր, որն առավել հայտնի է բրիտանական «Բժիշկ Ով» սերիալում Միքի Սմիթի դերով։ Նա Օլիվիեի անվան եւ BAFTA-ի մրցանակակիր է։ ։



© NEWS.am STYLE