«Արնախումները» եւ «Չարաճճին». հայտնի են մոսկովյան փառատոնի հաղթողները

17:04   30 ապրիլի, 2021

Մոսկվայի 43-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակները լավագույն դերերի համար ստացել են իրանցի դերասան Սոհեյլ Գհանադանը, որը խաղացել է «Որդին» ֆիլմում եւ ռումինացի դերասանուհի Անդրեա Գրեմոշտյանուն «Չարաճճին» ֆիլմի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի «Ռոսիա» թատրոնում։

Գհանադանը ներկա չի եղել արարողությանը, նրա փոխարեն մրցանակը ստացել է ժապավենի ռեժիսոր Նուշին Մերաջին, որը ժյուրիին շնորհակալություն է հայտնել ժապավենը բարձր գնահատելու համար։ Գրեմոշտյանուի մրցանակը ստացել է ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Խուցուլյակը։  

Այս տարի Մոսկվայի միջազգային փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը ստացել է Գերմանիայից ռեժիսոր Յուլիան Ռադլմայերի «Արնախումները» ֆիլմը։ Փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել շվեյցարացի պրոդյուսեր Հոգիր Հիրորիի «Սաբայա» ֆիլմը, ժյուրին նշել է նաեւ Յուլյա Սերգինայի «Ամուրյան Գոլգոֆա» ժապավենը։

Լավագույն կարժամետրաժ ֆիլմ անվանակարգում մրցանակ է ստացել Յանիս Ալեքսանդր Կիֆերի «Գործընկերներ» գերմանական ժապավենը։ Ռեժիսորը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար եւ նշել, որ իր ֆիլմը «խոսում է մեր ընդհանուր տրավմատիկ անցյալի մասին եւ կոչ է անում ինչ-որ բան անել դրա հետ»։

Մոսկվայի միջազգային կինոփառատոնն աշխարհի ամենահին փառատոններից մեկն է, այն առաջին անգամ անց է կացվել 1935թ․-ին, ժյուրիի նախագահը ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնն էր։ 1959թ․-ից փառատոնը սկսել է անցկացվել պարբերաբար։ Այս տարի այն տեղի է ունեցել ապրիլի 22-29-ը։  

 



© NEWS.am STYLE