«Disney» ընկերությունը հրապարակել է Էմմա Սթոունի մասնակցությամբ Քրուելայի մասին ֆիլմի պրոմո հոլովակը

18:14   4 մայիսի, 2021

Walt Disney ստուդիայի Youtube-յան ալիքում հրապարակվել է «Քրուելլա» ֆիլմի նոր թիզերը, որի գլխավոր դերում Էմմա Սթոունն է։ Ժապավենում նկարահանվել են Էմմա Թոմփսոնը, Մարկ Սթրոնգը, Փոլ Ուոլթեր Հաուզերը եւ Էմիլի Բիչեմը։

Ժապավենի գործողությունները զարգանում են 1970-ականների Լոնդոնում։ Ըստ սյուժեի՝ Քրուելան, որն այդ ժամանակ դեռ հայտնի է Էսթելա անունով, փորձում է դիզայներ դառնալ եւ գրավում է բարոնուհի ֆոն Հելմանի ուշադրությունը, որը կարեւոր դեր կխաղա նրա հետագա ճակատագրում։

«Քրուելա»-ի ռեժիսորը Քրեյգ Գիլեսպին է, որը հայտնի է Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Տոնյան ընդդեմ բոլորի» եւ Ռայան Գոսլինդի մասնակցությամբ «Լարսը եւ իսկական աղջիկը» ֆիլմերից։ Սցենարի հեղինակը «Օսկարի» առաջադրված Թոնի Մաքնամարան է։

Ավելի վաղ Disney-ը մինչեւ հուլիսի 9-ը հետաձգել է Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ «Սեւ այրին» ֆիլմի պրեմիերան։ Այն կարելի է դիտել ինչպես կինոթատրոններում, այնպես էլ Disney+ սթրիմինգային ծառայությունում։



© NEWS.am STYLE