Անի Դաշյանը` նորածին դստեր «ֆուտբոլային» անվան ընտրության, ամուսնու արձագանքի ու էմոցիաների մասին

19:41   4 մայիսի, 2021

Երեկ ծնվել է հաղորդավարուհի Անի Դաշյանի դուստրը, ինչի առթիվ NEWS.am STYLE-ը շտապեց շնորհավորել հաղորդավարուհուն: Մեզ հետ զրույցում Անին նշեց, որ ինքն ու ամուսինը դստերը Միլանա են անվանել: Հաղորդավարուհին նաեւ պատմեց անվան ընտրության, իր եւ փոքրիկի ինքնազգացողության ու հայրիկի հետ առաջին հանդիպման մասին:

«Փառք Աստծո` ծննդաբերությունը բարեհաջող է անցել եւ ես ու բալիկս մեզ լավ ենք զգում: Շատ շնորհակալ եմ իմ բժշկուհուն, մանկաբարձուհուն եւ բոլորին, ովքեր իմ կողքին էին այդ կարեւոր պահին»,-նշեց Անին` հավելելով, որ անսահման երջանկություն է զգացել դստերը տեսնելով:

«Մեր աղջկան Միլանա ենք անվանել: Շատ հետաքրքիր ստացվեց անվան ընտրությունը. մի օր որոշեցի համացանցում աղջկա սիրուն անուններ փնտրել: Չգիտես` ինչու, մտածում էի, որ աղջկաս անունը պետք է կամ սկսվի «Լ» տառով, կամ` անվան մեջ պետք է այն լինի: Այս սկզբունքով սկսեցի անուն փնտրել ու միանգամից ինձ գրավեց Միլանա անունը: Համոզված էի, որ ամուսնուս եւս դուր կգա, քանի որ նա իտալական Միլան ֆուտբոլային ակումբի սիրահար է արդեն երկար տարիներ: Երբ նրան ասացի անունի իմ տարբերակը, միանգամից դեմքին ժպիտ հայտնվեց ու տվեց իր համաձայնությունը»,-ժպիտով պատմեց հաղորդավարուհին` անդրադառնալով նաեւ ամուսնու եւ դստեր հուզիչ հանդիպմանը.

«Ամուսինս հենց նույն օրն է տեսել դստերը: Բնականաբար, շատ հուզված էր եւ էմոցիաները շատ էին, որոնք բառերով նկարագրել հնարավոր չէ»:

Միլանան Անիի երկրորդ երեխան է: Հաղորդավարուհու առաջնեկը` Ռոբերտը, արդեն 5 տարեկան է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE