Խնդրահարույց մազերի խնամքի կանոնները

18:19   15 մայիսի, 2021

Յուղոտ մազեր

Լվանալուց 15 րոպե առաջ յուղոտ մազերին պետք է կեֆիր քսել, իսկ լվանալու ընթացքում՝ վերջում, ջրին կիտրոնի հյութ ավելացնել: Լվացած մազերը պետք է փաթաթել սրբիչով եւ թողնել, որ ինքնուրույն չորանան: Եթե հնարավոր չէ առանց հարդարիչի, ապա ավելի լավ է օգտագործել չորացման ոչ տաք ռեժիմը: Մի մոռացեք շամպունները հերթով փոխելու մասին՝  նվազագույնը շաբաթվա մեջ 1 անգամ՝ օգտագործելով «սնուցող», «յուղոտ մազերի համար», «պաշտպանիչ» շամպուններ:

Չոր եւ փշրվող մազեր

Չոր եւ փշրվող մազերին նախապես պետք է ձվի դեղնուցից պատրաստված դիմակ դնել, որին մի քանի կաթիլ ձիթայուղ պետք է ավելացնել: Եթե մազերը չորացվում են հարդարիչով, ապա թերմոպաշտպանիչ սփրեյ պետք է օգտագործել: Դա կարող է պահպանել մազի վերին շերտը չորացումից:

Սանրվել պետք է կամ բնական  նյութից պատրաստված, կամ փայտե խոշոր ատամներով սանրով: Սննդի մեջ ձվի, կարագի, գազարի, սերուցքի օգտագործումն օրգանիզմը հագեցնում է А վիտամինի պաշարով, որն ամրացնում է մազերը: Վնասված եւ թույլ մազերի  համար պետք է օգտագործել պրոտեինի մեծ քանակություն պարունակող միջոցներ, որոնք չեն մաքրում մաշկը պաշտպանող բնական յուղը: Շամպունը քսելիս մազերը մի հավաքեք  գագաթին. դա կարող է խճճել ու վնասել դրանք: Օգտագործեք դիմակներ, սփրեյներ, կոնդիցիոներներ, որոնք կօգնեն խնամել մազերը:

Թույլ եւ փշրվող մազերի խնամքի կանոնների մեջ է մտնում մաքրող եւ ամրացնող դիմակների օգտագործումը, որոնք կարելի է կիրառել շաբաթական 1-2 անգամ: Այն քսելով՝ պետք է սանրել մազերն ամբողջ երկարությամբ, ապա՝ լվանալ:

Խամրած մազեր

Խամրած մազերը շաբաթական մեկ անգամ պետք է ցայել խոտաբույսերի թուրմով. կարելի է օգտագործել երիցուկ, հազարաթերթիկ, եղեսպակ՝ հավասար չափաբաժիններով: Չպետք է չարաշահել քսուքներն ու սփրեյները. դրանց օպտիմալ օգտագործումը շաբաթական մեկ անգամ է:

Քնելուց 10 րոպե առաջ անհրաժեշտ է խնամքով սանրել մազերը բոլոր ուղղություններով, ինչն օգտակար է թե ամրացման, թե փայլի համար:

Թեփ

Այդ տհաճ խնդրից հնարավոր է ազատվել դեղատներում վաճառվող հատուկ շամպուններ օգտագործելու միջոցով: Լվանալուց հետո մազերը պետք է ցայել տնական բալզամով, որի բաղադրատոմսը հետեւյալն է՝ 4 թեյի գդալ ուրցը եռացնել 2 բաժակ ջրով եւ օգտագործել:

Փորձեք ոչ հաճախ սանրել մազերը, քանի որ դա գրգռում է գլխամաշկը: Պետք է օգտագործել այնպիսի սննդամթերք, որոնք պարունակում են А, В, С, Е վիտամիններ:

Մազաթափություն

Այս տհաճ երեւույթը կարելի է կանխել կամ նվազեցնել՝ օգտագործելով սնուցող բալզամներ եւ վերականգնող դիմակներ: 14 օրվա ընթացքում կարելի է գլխամաշկը շփել հազարտերեւի եփուկով, որը նպաստում է մազերի աճին:

Լվանալու ժամանակ թեթեւ մերսեք գլխամաշկը: Դա ամրացնում է մազարմատները:

 

Աղբյուրը՝ Elle.com



© NEWS.am STYLE