Հայաստանում վերջին տարիներին կանայք ավելի լուրջ են վերաբերում աբորտին եւ ծննդաբերությանը. ԱՆ պաշտոնյա

13:17   26 սեպտեմբերի, 2013

Ի տարբերություն 15-20 տարի առաջ տիրող իրավիճակին, այսօր Հայաստանում կանայք ավելի լուրջ են վերաբերվում վերարտադրողական խնդիրներին, աբորտի եւ ծննդաբերության հետ կապված հարցերին:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական բաժնի պետ, մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Ավագյանը:

«15-20 տարի առաջ աբորտին ավելի թեթեւ էին վերաբերվում: «Անցանկալի հղիությո՞ւն է: Ոչինչ: Հղիությունը կընդհատեմ»… Կինը կարող էր հղիությունն ընդհատել ու վերադառնալ աշխատանքի: Եվ ինձ, որպես մասնագետի, ուրախացնում է փաստը, որ մեր երիտասարդ կանայք ավելի լուրջ են վերաբերվում այդ խնդրին, եւ եթե չեն ուզում երեխա ունենալ տվյալ ժամանակահատվածում, փորձում են օգտագործել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով, վերջին միտումը մեզանում կանանց վերարտադրողական վարքագծի նոր դրսեւորում է եւ մեր վերարտադրողականության ոլորտի մշակույթն է:

Որպես լավագույն ժամանակակից հակաբեղմնավորիչներից մեկը մասնագետը նշեց «Միրենա» արգանդային պարույրները: Սակայն ամեն դեպքում, լինի դա հորմոնալ հակաբեղմնավորիչ, թե արգանդային պարույր, այդ ամենը պետք է նշանակվի գրագետ բժիշկների վերահսկմամբ:

Չշրջանցվեց նաեւ աբորտների հիմնական պատճառների թեման: Նախարարության հարցումների համաձայն, աբորտի դիմող կանանց 38%-ը որպես պատճառ նշում է ընտանիքում բավարար չափով երեխաներ ունենալու հանգամանքը, 19%-ը՝ սոցիալական ոչ բավարար պայմանները, 11%-ն էլ որպես աբորտի դիմելու պատճառ նշել է առողջական խնդիրները եւ միայն աբորտների 8%-ն են ինքնաբեր հղիության ընդհատումները:

Մայրական եւ վերարտադրողական բաժնի պետը նաեւ հայտնեց նախարարության կողմից կատարած վիճակագրության տվյալներ, ըստ որոնց, վերջին տարիներին աբորտների բացարձակ թիվը տատանվում է 6.5-7 հազարի շրջանակում, այն դեպքում, երբ արձանագրվում է 43.000-ից 44.000 ծննդաբերություն:

«Այդ նույն հետազոտության համաձայն, 2000 թվականին 100 հղիությունից 38-ն է ավարտվել ծննդաբերությամբ, 2005 թվականին՝ հղիությունների 45%-ը, 2010 թվականին՝ 63%-ը»,- նշեց նա:

Տիկին Ավագյանի խոսքով, շատ երկրներում աբորտի եւ ծնունդի հարաբերակցությունը հավասար է, եւ նույն պատկերն արձանագրվել է նաեւ Հայաստանում 1980-1990-ականներին, երբ 80.000 ծննդի դիմաց եղել է նույնքան աբորտ:

Նա հավելեց, որ այսօր ժամանակակից հակաբեղմնավորիչների շնորհիվ կնոջ վերարտադրողական նոր մշակույթի ներդրմամբ արձանագրվել է 5 ծնունդին մեկ աբորտ հարաբերակցությունը:

Մասնագետը խոսեց նաեւ ծննդաբերող եւ աբորտի դիմող կանանց տարիքի պիկի մասին, ըստ որի ծնելիության գագաթնակետը նկատվում է հիմնականում 20-25 տարեկան կանանց մոտ, իսկ աբորտներինը՝ 25-29 տարեկան կանանց մոտ, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանում կանայք հիմնականում աբորտների են դիմում առաջին եւ երկրորդ հղիությունից հետո:



© NEWS.am STYLE