Մեգան Մարքլը 30 հազար դոլար արժողությամբ զարդերով քննարկել է կանանց աղքատությանը վերաբերող հարցեր

13:39   10 մայիսի, 2021

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն անտարբեր չէ խնդիրների հանդեպ, որոնք առաջ է բերել կորոնավիրուսի համավարակը։ Հիվանդության հետեւանքով տուժել են բազմաթիվ մարդիկ, ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն առողջությանն, այլեւ աշխատունակությանն ու ֆինանսական բարեկեցությանը։ Այս հարցրեն են քննարկվել «Global Citizen's Vax Live» միջոցառման ընթացքում։ Հղիության պատճառով Մեգանը չի կարողացել անձամբ ներկա գտնվել, սակայն միջոցառման հյուրերին դիմել է տեսակապով։

Նա հայտարարել է, որ համավարակի պատճառով շատ կանայք հայտնվել են աղքատության եզրին, եւ հարկավոր է շտկել այդ իրավիճակը։ «Համավարակի սկսվելուց հետո ԱՄՆ-ում գրեթե հինգուկես միլիոն կին կորցրել է աշխատանքը, սպասվում է, որ եւս 47 միլիոն կին ամբողջ աշխարհում կհայտնվի ծայրահեղ աղքատության վիճակում։ Ես ու ամուսինս շատ ուրախ ենք, որ շուտով դուստր կունենանք։ Այդ ուրախալի զգացումը կիսում ենք ամբողջ աշխարհում միլիոնավոր այլ ընտանիքների հետ։ Երբ մտածում ենք նրա մասին, հիշում ենք բոլոր երիտասարդ կանաց ու աղջիկների մասին ամբողջ աշխարհում, որոնք տուժել են համավարակի արդյունքում։ Նրանք աջակցության կարիք ունեն»,- ասել է Մեգանը։

Ի դեպ, Մեգանը, որն անդրադարձել է աշխարհում աղքատության թեմային, հանրության առաջ ելույթ է ունեցել շքեղ զարդերով ու թանկարժեք հագուստով։ Ըստ որոշ հաշվարկների՝ նա 1700 դոլար արժողությամբ զգեստ էր կրում, ինչպես նաեւ ականջօղեր, վզնոցներ ու ժամացույցներ, որոնք պատկանել են արքայադուստր Դիանային եւ որոնք գնահատվում են 30000 դոլար։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE