Աննա Խաչատրյանը՝ Շուշիին նվիրված իր նոր երգի տեսահոլովակի, տեւական դադարի ու հույզերը հաղթահարելու դժվարության մասին

16:04   10 մայիսի, 2021

Աննա Խաչատրյանը շուտով իր լսարանին կներկայանա նորությամբ. երգչուհին Շուշիին նվիրված նոր երգի ու տեսահոլովակի շուրջ է աշխատում, որի անոնսը NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է: Մեզ հետ զրույցում Աննան խոստովանել է, որ հիմա շատ դժվար է երգել Շուշիի մասին, այնուամենայնիվ, երգչուհին իր երգով նոր հույզեր է փորձելու փոխանցել իր ունկնդրին:

«Երգը ստեղծվել է Շուշիի հանձնման օրը… Երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, որը շատ տարբեր ոճերի երգերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին, երեւի, «Հայաստան, երկիր իմ մայր» երգն է: Իսկ խոսքերի հեղինակը բանաստեղծ Ռաֆայել Սահակյանն է»,-պատմեց նա:

Տեսահոլովակում կլինեն արխիվային կադրեր Շուշիից, ինչպես նաեւ՝ կներկայացվեն Հայաստանի տեսարժան վայրերը.

«Պատերազմից հետո Արցախի մասին խոսելը, կարծում եմ, բոլորիս մոտ տարբեր հույզեր ու զգացմունքներ է առաջացնում. Շատ դժվար թեմա է, այս հույզերը, երեւի, երբեք չենք կարող հաղթահարել: Երբ երգում ենք Վանի, Մուշի, Սասունի մասին, հիմա այլ կերպ ենք ընկալում, որովհետեւ դա մենք չենք տեսել, իսկ Արցախի դեպքում՝ այլ էր…»,-խոստովանեց երգչուհին՝ հավելելով,-«Այս երգով փորձելու ենք փոխանցել հույզ, վստահություն, որ այդ ամենը պետք է մի օր վերադարձնենք, որ պիտի նորից վերածնվենք, ու այն, ինչ մերն է, պետք է մերը լինի»:

Անդրադառնալով երկար դադարից հետո «Շուշի» ստեղծագործությամբ երգարվեստ վերադառնալուն՝ Աննան նշեց.

«Ինչպես իմ բոլոր գործընկերների՝ ինձ համար եւս 2020-ը շատ ծանր տարի էր՝ թե կորոնավիրուսի, թե պատերազմի պատճառով: Բայց, իհարկե, ավելի ծանր էին պատերազմի հետեւանքները: Պանդեմիայի ժամանակ կային որոշ երգիչներ, որոնք ռեպերտուարային փոփոխություններ սկսեցին անել, բայց ես տրամադրություն չունեի, պատերազմից հետո՝ առավել եւս: Ես՝ ինքս, Արցախից չեմ, բայց այդ թեման ինձ համար շատ ծանր է, ու եթե հիմա ինչ-որ բանով պիտի ներկայանայի, այն պետք է ունենար ասելիք: Կարծում եմ՝ չեմ սխալվել, թեեւ ասելիքս այդ թեմայով ավելի շատ է...»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE