Լայն ջինսեր, հարմարավետ տոպեր, թափանցիկ զգեստներ ու շեշտված ուսեր. 2021-ի թրենդները՝ հայտնիների զգեստապահարանից (ֆոտո)

15:05   12 մայիսի, 2021

Եղանակը դեռ, մեղմ ասած, արեւոտ չէ, բայց դա չի խանգարում մեզ, որ սկսենք թարմացնել մեր ամառային զգեստապահարանները, իսկ դրանք այս տարի, առավել, քան երբեւէ, դեպի հարմարավետեւթյուն են տանում:

NEWS.am STYLE-ը 2021-ի ամառային թրենդները ներկայացնում է հայտնիների զգեստապահարաններից վերցրած օրինակներով:

Անխոս, 2021-ի ամենասիրված թրենդը դարձել են լայն ջինսերը, որոնք, ի դեպ, շատ նորաձեւ էին նաեւ 90-ականներին, ինչը կրկին ապացուցում է, որ նորաձեւությունը հեռանում է՝ նորովի վերադառնալու նպատակով:

Եթե ձմռանն ու գարնանը այդպիսի տաբատները հարմար ու գեղեցիկ էր համադրել երկարավիզ նեղ շապիկների հետ, ապա ամռանը դրանք իդեալական կնայվեն տոպերի համադրությամբ: Առհասարակ, երկար գոտիով ջինսերն ու տոպերն այս ամռան ամենապրակտիկ ու նորաձեւ ընտրությունն են:

Լայն ջինսերը կարելի է համադրել սպորտային կամ դասական ոճի կոշիկների հետ, ինչը դրանք դարձնում է հարմար նախընտրություն ոչ միայն առօրյա, այլեւ՝ երեկոյան look-երի համար:

Նկատած կլինեք, որ գարունը սկսվել է շեշտված ուսերով վերնաշապիկներով ու բլուզներով, կամ՝ դրանց՝ բաց ուսերով տարբերակներով, որոնք համադրվում են գեղեցիկ դեկոլտեով:

Չափազանց թրենդային են նաեւ նմանօրինակ ուսերով զգեստները՝ սպիտակ կամ ծաղկային երանգներով:

Ծաղկավոր պրինտն, առհասարակ, ամառն ազդարարող ամենաթրենդային դետալներից է: Չենք մոռանում նաեւ զոլավոր ու պուտավոր զգեստների մասին, որոնք կարելի է ամբողջացնել ինչպես սպորտային, այնպես էլ՝ դասական կոշիկներով:

Այս տարի շատ նորաձեւ են նաեւ հետաքրքիր կտրվածք ունեցող միդի շրջազգեստները, որոնք կարելի է համադրել տոպերի եւ վերնաշապիկների հետ:

Իսկ կարճ ու կլոր շրջազգեստները բավական թրենդային են նայվում երկար վերնաշապիկների համադրությամբ:

Ի դեպ, 2021-ի թրենդներից են նաեւ թափանցիկ կտորով կարված զգեստները, որոնք ե՛ւ նուրբ են, ե՛ւ կանացի:

Դե, չպետք է մոռանալ, որ տարվա գույներն են դեղինն ու մոխրագույնը, բայց չենք անտեսում նաեւ վառ ամառային երանգներն ու հետաքրքիր պրինտները:



© NEWS.am STYLE