«Ֆանտաստիկ գազաններ»-ի դերասանը բռնաբարության համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

22:14   14 մայիսի, 2021

Բրիտանացի դերասան Քեւին Գատրին բռնաբարության համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է STV News-ը։

Նշվում է, որ «Ֆանտաստիկ գազաններ»-ի դերասանը 2017թ․-ի աշնանը բռնաբարել է 29-ամյա կնոջը։ Հարձակումը տեղի է ունեցել Քեւին Գաթրիի գործընկերոջ՝ Սքոթ Ռիդի բնակարանում։ Դատարանում մեղադրյալը պնդել է, որ միայն ցանկացել է օգնել իր զոհին, որը, նրա խոսքով, իրեն վատ է զգացել։ Կնոջ ներքնազգեստի վրա հայտնաբերել են նրա ԴՆԹ-ի հետքեր։

Դատավորը գործը տագնապալի է անվանել եւ հայտարարել․ «Դա սարսափելի հանցագործություն է։ Դուք պետք է հոգ տանեիք նրա մասին, քանի որ նա չէր կարող հոգ տանել իր մասին»։

33-ամյա Քեւին Գատրին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում եւ սերիալներում, ինչպիսիք են «Դյունկերկը», «Թափթփուկները», «Տեռոր», «Անցյալի հանցագործությունները», «Կանացի երջանկություն»։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Karwai Tang/WireImage



© NEWS.am STYLE