Քոլին Ֆարելը փորձում է ձեռք բերել գենետիկ հիվանդությամբ տառապող 18-ամյա որդու խնամակալությունը

10:13   15 մայիսի, 2021

Դերասան Քոլին Ֆարելը եւ նրա նախկին սիրելի Քիմ Բորդենեյվը փաստաթղթեր են ներկայացրել դատարան՝ իրենց ընդհանուր որդու՝ Ջեյմսի նկատմամբ խնամակալության ձեւակերպման վերաբերյալ, որի 18 տարին կլրանա սեպտեմբերին։ Միասին նրանք մտադիր են օրինական կերպով հնարավորություն ստանալ կառավարել իրենց որդու բոլոր կարիքները՝ չափահաս դառնալուց հետո։ Բանն այն է, որ Ֆարել-կրտսերը տառապում է Անգելմանի համախտանիշով․ այն գենետիկ հիվանդություն է, որի դեպքում նկատվում է հոգեկան զարգացման ուշացում, քնի խանգարումներ, նոպաներ, քաոսային շարժումներ եւ հաճախակի ծիծաղ։ Դատական փաստաթղթերում նշվում է նաեւ, որ հիվանդության պատճառով Ջեյմսը չի կարողանա իր նախապատվությունները հայտնել խնամակալության վերաբերյալ եւ ներկա գտնվել սեպտեմբերի 27-ին կայանալիք նիստին:

Մի քանի տարի առաջ Քոլինը պատմել էր իր որդու հիվանդության մասին հարցազրույցներից մեկում՝ խոստովանելով, որ որդու հիվանդությունն իրեն մեծ ցավ է պատճառում։ Դերասանը եւ Բորդենեյվը բաժանվել են Ջեյմսի ծնվելուց անմիջապես հետո: Դերասանն ունի նաեւ կրտսեր որդի, որը ծնվել է 2009 թվականին։

Աղբյուրը՝ Super

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE