Բեն Ավետիսյանը՝ կրկին դրամատիկ կերպարում. դերասանը՝ «Սրտին հակառակ» սերիալում գլխավոր դերի ու նոր խաղընկերուհու մասին

13:05   15 մայիսի, 2021

Շուտով «Նոր Հայաստան» հեռուստաաալիքի եթերում կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Սրտին հակառակ», որի գլխավոր դերում հանդես է գալիս դերասան Բեն Ավետիսյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Բենը պատմել է կրկին դրամատիկ կերպար մարմնավորելու, իր նոր հերոսի առանձնահատուկ գծերի ու նոր խաղընկերուհու մասին:

Մոտ երկու տարի «Հարս չկա» սիթքոմում նկարահանվելուց հետո Բենը խոստովանեց, որ կարոտով էր սպասում կրկին դրամատիկ կերպար կերտելուն.

«Շատ-շատ էի կարոտել դրաման, դժվար էր հումորի մեջ դատարկել ներսումդ կուտակված էներգիան դեպի քո մասնագիտությունը: Առհասարակ, միշտ ասել եմ, որ ես, երեւի, ավելի շատ դրամատիկ ժանրի դերասան եմ, չնայած՝ բազմապրոֆիլ լինելը պարտադիր է մեր գործում, ինձ ավելի հոգեհարազատ է դրաման»:

Խոսելով նոր կերպարի մասին՝ Բենը հավելեց.

«Սերիալում մարմնավորելու եմ Գոռին՝ գլխավոր կերպարին. նա ծանրակշիռ է, հասուն, իր տարիքի համեմատ շատ ավելի լուրջ, ինչ-որ տեղ «չոր» տղա է՝ զինվորականի հստակությամբ: Շատ հետաքրքիր կերպար, որը լիովին տարբերվելու է մյուսներից»:

Նոր սերիալում Բենի հետ հանդես կգա նոր դերասանուհի. անդրադառնալով խաղընկերուհուն՝ դերասանը հավելեց.

«Խաղընկերուհիս Մոնա Մնացականյանն է (ԷմԷն Մոնա)՝ շատ լավ մարդ, որն ամենակարեւորը շատ դրական է ու բարի, եւ գործի մեջ արդեն մերվել ենք: Ինչ վերաբերում է նկարահանող թիմին ու դերասանական կազմին՝  բոլորը պրոֆեսիոնալներ են, իսկ սցենարիստը բոլորին շատ հայտնի՝ Անուշ Պետրոսյանն է: Շատ շուտով կլինենք եթերում»:

Այս ընթացքում դերասանը նկարահանվում է նաեւ նոր նախագծում, որի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է: 24 մասանոց նախագծում Բենի խաղընկերուհիները կլինեն Իննա Խոջամիրյանն ու Իրինա Այվազյանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Բենի ու Մոնայի ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE