Ջենիֆեր Լոպեսի, Մոնիկա Բելուչիի եւ 50-ն անց այլ հայտնիների գեղեցկության գաղտնիքը

11:33   28 փետրվարի, 2022

Cosmo.ru-ն ներկայացրել է, թե ինչպես են հայտնի մարդիկ, որոնք հատել են 50-ի սահմանը, պահպանում իրենց գեղեցկությունը։

Քեթրին Զետա-Ջոնս

Հոլիվուդի աստղն այն քչերից է, որոնք չեն դիմում պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Նա իր գեղեցկությունը պահպանում է բնական ճանապարհով։ Դերասանուհու գաղտնիքը տնային խնամքն է։ Ընդ որում, Քեթրինը նախընտրում է ժողովրդական բաղադրատոմսեր։ Նա ամսվա ընթացքում մի քանի անգամ դիմակ է պատրաստում ելակով եւ արքայախնձորով։ Այս միջոցը մրգային թթուների շնորհիվ թարմացնում է դեմքի գույնը՝ մաշկին առավել հորթ ու ձիգ դարձնելով։  

Աստղը ուշադրություն է հատկացնում նաեւ օրվա ռեժիմին։ «Կարծում եմ, որ գեղեցկությունը ներսից է գալիս։ Ես ինձ գեղեցիկ չեմ զգում, եթե լավ չեմ քնում։ Ես պառկում եմ քնելու երեկոյան ժամը իննին։ Փոխարենը ես վաղ եմ արթնանում եւ ամեն ինչ հասցնում եմ։ Եվ միայն դրա շնորհիվ ինձ հիանալի եմ զգում են լավ տեսք ունեմ»,- ընդգծել է Քեթրինը։

Սալմա Հայեք

Ֆրանսուա-Անրի Պինոյի կինը նշում է, որ գենետիկայի հարցում իր բախտը շատ է բերել։ Բայց նա դրանով չի սահմանափակվում եւ ձգտում է պահպանել այն, ինչ տվել է բնությունը։ Սալման մի քանի հնարք ունի, որոնք օգտագործում է արդեն մոտ 20 տարի։ Նախ, արտիստը երբեք չի պառկում քնելու առանց լվանալու դիմահարդարումը, ինչ վիճակում էլ լինի։ Երկրորդ, դերասանուհին առավոտյան չի լվացնում, ինչն օգնում է պահպանել մաշկի խոնավության մակարդակը։

«Ես երջանիկ եմ, երբ ուտում եմ։ Ես բոտոքս չեմ օգտագործում։ Գիտեք՝ ինչու․ որովհետեւ ես ուտում եմ։ Ես ուտում եմ ճարպեր, բանջարեղեն, ամեն ինչ։ Եթե դուք չափից շատ մարզվեք եւ բավարար չսնվեք, դա արագորեն կազդի ձեր մաշկի վրա։ Այն կսկսի ծերանալ։ Եվ ի՞նչ այդ դեպքում։ Դուք ձեզ դժբախտ կզգաք եւ այդպիսի տեսք կունենաք»,- նշել է Հայեքը։

Ջենիֆեր Լոպես

Աստղը հաճախ է գլխավորում ամենագեղեցիկ արտիստների ցանկը։ Ջենիֆերը հետեւում է իր արտաքինին, զբաղվում է սպորտով ու ճիշտ է սնվում։ Դեմքի մաշկն իդեալական վիճակում պահելու հարցում նրան օգնում են մի քանի բյութի գաղտնիքներ։ Երգչուհին հրաժարվել է ալկոհոլի, կոֆեինի եւ նիկոտինի օգտագործումից։ Դա հրաշաlիորեն ազդում է նրա առողջության եւ մաշկի գեղեցկության վրա։ Բացի այդ՝ Լոպեսը երբեք չի արհամարհում արեւապաշտպան քսուկը, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են մաշկի վաղաժամ ծերացմանը։

«Այսպես թե այնպես դուք, միեւնույն է, ծերանալու եք։ Բայց դուք եք որոշում, թե որքան շարժվել, որքան աշխատել, որքան ակտիվ լինել ինտելեկտուալ եւ ֆիզիկական առումով։ Դա միայն ձեր ընտրությունն է։ Եվ դուք կկարողանաք ուժեղ մնալ։ Դուք կկարողանաք հիանալի մնալ»,- կարծում է արտիստը։

Մոնիկա Բելուչի

Իտալուհին հայտնի է իր գեղեցկությամբ։ Նա չի ամաչում բնական ծերացումից եւ չի շտապում պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմել, փոխարենը հետեւում է պարզ կանոնների։ Մոնիկան շաբաթվա ընթացքում երկու անգամ դեմքը մաքրում է սկրաբով եւ նշի յուղով պատրաստված դիմակով։ Բացի այդ՝ արտիստը մաշկը միշտ խոնավեցնում է քսուկով՝ թույլ չտալով, որ այն շատ չորանա։

«20 տարեկանում գեղեցիկ լինելը բնական է։ Բայց երբ դուք գեղեցիկ եք 35-ում կամ 45-ում, դա արդեն դիրքորոշում է»,- նշել է Բելուչին։

Ջենիֆեր Էնիսթոն

«Ընկերներ» սերիալի աստղը վերջին 20 տարվա ընթացքում գրեթե չի փոխվում։ Բացի խորհուրդներից այն մասին, որ հարկավոր է պարբերաբար սպորտով զբաղվել եւ ճիշտ սնվել արտիստը նաեւ ոչ ավանդական կանոնների է հետեւում։ Օրինակ՝ նրա պայուսակում եւ մեքենայում միշտ խոնավեցնող լոսյոն կա։ Դա օգնում է պահպանել մաշկի խոնավության համապատասխան մակարդակը։ Բացի այդ՝ Էնիսթոնը կրիոպրոցեդուրաների կողմնակից է։ Դեմքի գույնը լավացնելու համար նա դեմքին 25 անգամ սառը ջուր է ցողում։ Դա օգնում է հանել այտուցվածություն ու մաշկին թարմ տեսք է հաղորդում։

«Այսօր 40 տարեկանում կանայք եւ տղամարդիկ ավելի առողջ են, քան 40-ամյա մարդիկ 30 տարի առաջ։ Այն ժամանակ բոլորովին այլ շրջան էր։ Մենք գիտենք, թե ինչպես ճիշտ հոգ տանել մեր մասին։ Մենք գիտենք, թե ինչպես մարմնին էներգիա հաղորդել։ Հասկանում ենք, որ հարկավոր է առողջ, օրգանական սնունդ օգտագործել, որը նվազագույն մշակման է ենթարկվել, ջուր խմել, սահմանափակել քաղցրի եւ վատ ճարպերի օգտագործումը։ Նախկինում դրա մասին պարզապես չգիտեին։ Բացի այդ՝ չկային ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս հոգ տանել մաշկի մասին»,- նշել է Ջենիֆերը։

Լուսանկարները՝ Instagram, AFP/Getty Images, Reuters/Mario Anzuoni

 



© NEWS.am STYLE