Նոր սկանդալ «Ընկերները» սերիալի շուրջ. երկրպագուները քննադատել են հերոսների ընտրությունը

20:16   17 մայիսի, 2021

1990-ականների եւ 2000-ականների սկզբի կուլտային «Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդը «HBO Max»-ով կցուցադրվի մայիսի 27-ին։ Նոր էպիզոդում կհայտնվեն Լեդի Գագան, Ջասթին Բիբերը, Դեւիդ Բեքհեմը, Քիթ Հարնգթոնը, Ռիզ Ուիզերսփունը, Կարա Դելեւինը, պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը, կորեական «BTS» փոփ խումբը եւ այլք, սակայն ոչ թխամորթ աստղեր։

Այս փաստը քննադատության է արժանացել երկրպագուների կողմից։ Սերիալում չի հայտնվի նաեւ սերիալի միակ աֆրոամերիկուհին՝ Ռոսի ընկերուհի Չարլի Ուիլերը, որի կերպարը մարմնավորում է Այշա Թայլերը։ 

«Մեզ համոզելով, որ Նյու Յորքում տաս եթերաշրջանի ընթացքում թխամորթ մարդիկ չկան՝ նրանք 25 հայտնիների մասնակցությամբ վերամիավորումն են թողարկում եւ ինչ-որ կերպ խուսափում են մի աֆրոամերիկացու որոնումից», «17 տարի է անցել, իսկ դուք դեռ ոչ մի թխամորթ ընկեր չունե՞ք», «այնտեղ նոր ընկերներ կան, բայց նրանից ոչ մեկն աֆրոամերիկացի չէ»,- շոուի երկրպագուների խոսքերը մեջբերել է Peopletalk-ը։ 

Շոուի ռեժիսորն ու պրոդյուսերը Բեն Ուինսոթնն է, որը աշխատում է նաեւ «CBS»-ով թողարկվող Ջեյմս Կորդենի «The Late Late Show»-ի վրա։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ բազմազանության բացակայությունը «Ընկերներ» սերիալում քննարկումներ է առաջ բերում։ Հարցին, թե արդյոք դերասական կազմն այլ կլինի, եթե սերիալը նկարահանվի այսօր, լդերասանուհի Լիզա Կուդրոուն, որը մարմնավորել է Ֆիբի Բաֆեի կերպարը, նախորդ տարի The Sunday Times-ին ասել էր․ «Սերիալում, հաստատապես, ամբողջությամբ սպիտակամորթներ չեն լինի»։ «Ես հիանալիորեն գիտակցում էի բազմազանության բացակայությունը եւ երկար տարիներ արշավ եմ վարել, որ Ռոսը հանդիպի թխամորթ կանանց հետ»,- նշել էր Դեւիդ Շվիմերը։



© NEWS.am STYLE