Կուրտ Քոբեյնի գլխից վեց մազ վաճառվել է 14,1 հազար դոլարով

23:09   18 մայիսի, 2021

Nirvana խմբի լիդեր Կուրտ Քոբեյնի գլխից վեց մազ վաճառվել է Iconic Auctions առեւտրի տան առցանց աճուրդում, գրում է Daily Mail-ը:

Գնորդներին հասանելի են եղել վեց բաց գույնի մազեր, որոնք պահվում էին պլաստիկ թափանցիկ փաթեթում։ Դրանց հետ միասին եղել են լուսանկարներ, որոնցում երաժշտի մազերը կտրում են նրա ընկերուհին եւ վստահված անձ Թեսսա Օսբորնը (Tessa Osbourne):

Լոտի նախնական գինը կազմել է 2,5 հազար դոլար, սակայն վերջին հաշվով գնորդը, որի անունը չի հրապարակվում, այն ձեռք է բերել 14,1 հազար դոլարով:

Հայտնի է, որ ռոք երգչի մազերը պահվել են հայտնիների մազերի կոլեկցիոներ Նիկոլ Դեպոլոյի մոտ։ Նրա խոսքով՝ Թեսսա Օսբորնն իրեն է փոխանցել 1994 թվականին Քոբեյնի ինքնասպանությունից հետո։ Մազերի իսկության ապացույց նա նաեւ լուսանկարներ է տրամադրել։

Լուսանկարը՝ Associated Press



© NEWS.am STYLE