Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի կատարումը կոմպոզիտորը եւ դիրիժորը նվիրեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

12:00   19 մայիսի, 2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում ներկայացրեց հերթական սիմֆոնիկ համերգը, որը ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առիթով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործություններից։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Մեծ է կոմպոզիտորի ավանդը նաև Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գործում։ Համերգային ծրագրի մեկնարկին ներկայացվեց կոմպոզիտորի երկար տարիներ չհնչած Կոնցերտային նախերգանքը, այնուհետև՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, որը Սպենդիարյանը գրել է 1905թ. Ղրիմում՝ Մ. Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով: Այն նվիրված է կոմպոզիտորի մորը: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվել է Պետերբուրգում 1905թ․ հեղինակի ղեկավարությամբ:

 Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան։ Այս տարին հոբելյանական է նաև Երվանդ Երկանյանի համար. նշվում է կոմպոզիտորի 70-ամյակը։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացված թիվ 7 սիմֆոնիայի կատարումը կոմպոզիտորը և դիրիժորը նվիրեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։

 Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա  մայիսի 22-ին՝ ժամը 19։30, Արամ Խաչատրյան համերգասրահում։

 



© NEWS.am STYLE