HBO Max-ը հրապարակել է «Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդի թրեյլերը

10:39   20 մայիսի, 2021

HBO Max սթրիմինգային ծառայությունը թողարկել է «Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդի պաշտոնական թրեյլերը, հայտնում է «Rolling Stone»-ը։

Թողարկումը կհեռարձակվի մայիսի 27-ին։ Գլխավոր դերակատարները՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Մեթ Լեբլանը, Լիզա Կուդրոուն, Մեթյու Փերին եւ Դեւիդ Շվիմերը, կիմիավորվեն 17 տարի անց՝ այցելելու սերիալի նկարահանման հրապարակ եւ հիշելու համար, թե ինչպես են անցել լեգենդար սիթքոմի նկարահանումները։

Պարբերականի տեղեկություններով՝ նոր էպիզոդը հատուկ սերիա չի լինի, այլ դերասանների մասնակցությամբ շոու։ Թողարկմանը կմանսակցեն նաեւ հրավիրված մարդիկ, որոն թվում են Դեւիդ Բեքհեմը, Սինդի Քրոուֆորդը, Քիթ Հարինգթոնը, Ռիզ Ուիզերսփունն ու այլ աստղեր։

Ավելի վաղ HBO Max-ը հրապարակել էր «Ընկերները» սերիալի հատուկ թողարկման թիզերը։

«Ընկերներն» ամերիկյան կատակերգական սերիալ է, որը պատմում է վեց ընկերների կյանքի մասին։ Եթեր է հեռարձակվել 1994-2004թթ․ եւ ճանաչվել է լավագույններից մեկն ամերիկյան հեռուստատեսության պատմության ընթացքում։ Կատակերգությունը վեց անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել եւ մեկ անգամ՝ «Ոսկե գլոբուսի»։

Լուսանկարը՝ HBO Max

 



© NEWS.am STYLE