«Պրեմիերայի էի գնացել»: Ցածրորակ «Սղոց․ Սպիրալ»

14:15   20 մայիսի, 2021

«Սղոց» ֆրանշիզան ժամանակին բարձունքում է եղել ՝ հանդիսանալով «խելացի» հորրորների ներկայացուցիչը։ Բացի դաժան տեսարաններից, ֆրանշիզայի ֆիլմերը առաջարկում էին նաև լավ սյուժեներ ՝ հետաքրքիր շրջադարձերով, գրեթե հանճարեղ մոլագար Ջոն Կրամերի՝ (Կառուցապատողի) բարոյականության մասին իր պատկերացումով (շատ այլասերված, բայց բոլորի համար էլ հասկանալի) և, առհասարակ, հետաքրքիր սցենարներով:  

Տարիների ընթացքում, իհարկե, որակը նվազում էր, թվիստներն առավել անհեթեթ եւ անտրամաբանական էին դառնում: Բայց մարդկային ագահությունը, ինչպես հայտնի է, սահմաններ չի ճանաչում։ Ստուդիայի ղեկավարությունը որոշում է վաստակել լրացուցիչ գումար ՝ այս անգամ ներկայացնելով սփին-օֆֆ, որը կոչվում է «Սպիրալ»:

Ֆիլմն այն մասին է, թե ինչպես են մի անգամ դետեկտիվ Բենքսին և նրա նոր զուգընկերոջը հանձնարարում  մի շարք այնպիսի դաժան սպանությունների հետաքննություն, որոնք տարօրինակ կերպով հիշեցնում են նախորդ տարիների հանցագործությունները։ Նրանք հայտնվում են չար խաղի էպիկենտրոնում, որտեղ պարտության գինը մարդկային կյանքն է։

«Սպիրալ»-ը մեզ դիմվորում է Քրիս Ռոքի կերպարի և ոստիկանական բաժանմունքի պետի  կատարյալ անհեթեթ երկխոսությամբ, որի ընթացքում հանդիսատեսի վրա մեծ քանակներով էքսպոզիցիա է լցվում, որն էլ ծիծաղելի է դառնում։ Արդեն հենց սկզբից ֆիլմը հասկացնել է տալիս, որ սցենարիստն աշխատել է «Ինչպես գրել սցենարը 5 րոպեում» դասագրքի օգնությամբ: Համեմատել այս ֆիլմի որակը ֆրանշիզայի առաջին մասերի հետ՝ պարզապես անհեթեթ է, և դա  այն պատճառով, որ գաղափարն արդեն իսկ կրկնվում  է. այն ըստ էության չի կարող նոր լինել:

Ֆիլմի պատմությունը շատ անողնաշար է: Ֆիլմը ճահճից դուրս են հանում սյուժետային հենակները. դրանք տոտալ հենվում են Ջոն Կրամերի պատմության վրա.հեռացրու՛ այդ հենակները, և ֆիլմը կփլուզվի մեկ վայրկյանում։

Դերասանների խաղի մասին ոչ մի լավ բան ասել չի կարելի։

Քրիս Ռոքը վատ է խաղում, Սեմ Ջեքսոնը նույնիսկ չի էլ մտածում իր էպիզոդիկ դերում խաղալու մասին, իսկ մյուսների մասին խոսելն անիմաստ է։ Կերպարնեը ընդհանրապես  զրկված են անձերից, բնավորություններից, պարզապես գորշ արխիտիպեր են։

Իսկ ա՛յ թակարդները շատ ուրախացրին՝ շատ հետաքրքիր, դաժան եւ, ինչը  կարեւոր է, նրանք  կրում էին իմաստալից բեռ յուրաքանչյուր զոհի համար։ Պետք է նշեմ, որ դաժանության և արյունահեղության հետ կապված ամեն ինչ «Սպիրալ»-ի մոտ կարգին է։

«Սպիրալ» ֆիլմը երկրորդական է իր էությամբ, ոչ շատ լավ գրված սցենարի առումով։ Նա հետաքրքիր է միայն թակարդներով եւ դաժանությամբ։ Դիտել կարելի է, բայց նվազագույն սպասումներ ունեցեք ֆիլմից:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE