«Դաստիարակվել եմ հայկական ոգով». «20 փաստ» Անահիտ Ադամյանի մասին

16:07   20 մայիսի, 2021

Հայ Արիանա Գրանդե՝ այսպես նրան անվանեցին ռուսական «Ну-ка, все вместе!» հայտնի երաժշտական մրցույթի ժյուրիի անդամներն՝ արտահայտելով իրենց հիացմունքը 17-ամյա հայուհու մելիզմների եւ նրբագեղության նկատմամբ: Անահիտ Ադամյանին սկզբում շատերը ճանաչեցին՝ որպես ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհու, իսկ տարիների ընթացքում՝ ոգեւորությամբ սկսեցին հետեւել նրա երաժշտական հաջողություններին, քանի որ միջազգային ցանկացած հարթակում փոքրամարմին երգչուհին պատվով է պահում Հայաստանի անունը:

Անահիտի ամենահավատարիմ հետեւորդներն արդեն հասցրել են նրա մասին իմանալ, գրեթե, ամեն ինչ, քանի որ երգչուհին իր Instagram-ի էջում, որտեղ ունի ավելի, քան մեկ միլիոն հետեւորդ, սիրով պատասխանում է բոլորի հարցերին՝ անկախ բովանդակությունից:

NEWS.am STYLE«20 փաստ հայտնիների մասին» խորագրում այդ հարցերին ավելացրել ենք նաեւ մեզ հետաքրքրող մի քանիսը, որոնք, միգուցե, օգնեն ավելին բացահայտել Անահիտ Ադամյանի մասին:

Անահիտ, ինչպե՞ս ես սկսում առավոտդ:

Առավոտս սկսում եմ, ինչպես՝ բոլոր դպրոցակաները՝ արթնանում եմ, նախաճաշում ու գնում դպրոց:

Երգ, որը վերջին շրջանում պտտվում է գլխումդ:

Չեմ կարող կոնկրետ երգ առանձնացնել, որովհետեւ, առհասարակ, շատ երգեր եմ լսում ու ամեն վայրկյան տարբեր բաներ են գալիս մտքիս:

Եղբորդ հետ հաճա՞խ եք վիճում. ինչի՞ց կարող են ծագել ձեր վեճերը:

Շատ հաճախ չենք վիճում, բայց երբեմն լինում է, որ միմյանց չենք հասկանում, օրինակ, երբ մտադրվում ենք միասին որեւէ բան երգել, ինքը մի երգ է ցանկանում կատարել, ես՝ մեկ այլ, ու այդ ժամանակ որոշ վեճեր ենք ունենում, բայց դա շատ շուտ հարթվում է:

Ամենամտերիմ մարդը, ում կարող ես վստահել ցանկացած գաղտնիք:

Իրականում ես շատ բաց մարդ եմ ու, կարելի է ասել, չունեմ այնպիսի գաղտնիքներ, որոնք կարող են իմանալ միայն հաշված մարդիկ, բայց երբ ընտրում եմ, թե ում պատմել մտքինս, կիսվում եմ մայրիկիս, տատիկիս, քույրիկիս ու ամենեմտերիմ ընկերուհիներիս հետ:

Պապիկիդ՝ Աշոտ Ղազարյանի նախագծերին հետեւո՞ւմ ես. Ո՞րն ես ամենից շատ սիրում:

Իհարկե, պապիկիս նախագծերին պարտադիր հետեւում եմ: Բոլորն էլ լավն են, նորերից ոչ մեկը չեմ կարող առանձնացնել, բայց ինձ համար ամենասիրելին մնում է «Մեր բակը»՝ իր բոլոր մասերով:

Հայ երգիչներից ո՞ւմ երգերն ես լսում:

Անկեղծ ասած՝ շատ չեմ լսում հայ երգիչների երգերը, բայց կառանձնացնեմ Ռազմիկ Ամյանի, Էրիկ Կարապետյանի, Արամ mp3-ի, Սիրուշոյի երգերը, նաեւ՝ կան մի քանի հայ ռեփերներ, որոնց լսում եմ:

Քեզ ամենահաճախ տրվող հարցը…

Երեւի ամենից շատ հարցնում են, թե քանի տարեկան եմ, ինչպես եմ անում իմ մելիզմները, ընկեր ունեմ, թե ոչ…

Հարց, որը չես սիրում, երբ տալիս են:

Շատ հաճախ են տալիս այնպիսի հարցեր, որոնք, միգուցե, դուրս այնքան էլ չգան, բայց չկա մի այնպիսի հարց, որը այնքան չսիրեմ, որ այս պահին կարողանամ հիշել:

Ինչպե՞ս կբնութագրես քեզ երեք բառով:

Համարձակ, նվիրվող եւ ինքնավստահ:

Ամենակարեւոր բանը, որ ստացար «Ну-ка, все вместеնախագծից:

Շատ դրական լիցքեր եմ ստացել այդ նախագծից: Երբ երգում էի, հանդիսատեսին տալիս էի իմ ամբողջ էներգիան, ու այն ստացա փոխադարձ: Ինձ թվում է՝ բոլոր երգիչների համար ամենակրեւորը դա է:

Բնավորությանդ ամենաակնհայտ հայկական գծերը:

Չեմ կարող ասել, թե ինչ հայկական գծեր ունեմ բնավորությանս մեջ, բայց, միանշանակ, դաստիարակվել եմ հայկական ոգով:

Որո՞նք են քո ֆոբիաները:

Անտանելի շատ եմ վախենում ցանկացած միջատից:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում երաժշտական ապագադ:

Մեծ բեմերի վրա (ժպտում է):

Քեզ ամենից շատ ի՞նչն է նեղացնում:

Դժվարանում եմ նշել, բայց երեւի՝ դավաճանությունն ու սուտը մոտ մարդկանց կողմից:

Վերջին անգամ ե՞րբ ես շատ ուրախացել, եւ ինչի՞ համար:

Երբ «Ну-ка, все вместе!»-ի եզրափակչի իմ ելույթի ժամանակ Սերգեյ Լազարեւը ոտքի կանգնեց ու գովեստի խոսքեր ասաց իմ երգելու ընթացքում:

Վերջին անգամ ինչի՞ց ես տխրել:

Իրականում հիմա տխուր եմ, քանի որ ավարտում եմ դպրոցս ու գիտակցում, որ էլ չեմ գնալու այնտեղ, էլ չեմ նստելու այդ սեղանների շուրջ դասընկերներիս հետ: Այդ միտքն ինձ շատ է նեղում:

Բացի երգից՝ ի՞նչ հոբբի ունես:

Երգը համարում եմ իմ առաջնային աշխատանքը, իսկ որպես հոբբի՝ կարող եմ նշել դիմահարդարումը, որն իմ ամենասիրելի զբաղմունքն է երգից հետո:

Օտարազգի ընկերներիդ հայերեն բառեր սովորեցնո՞ւմ ես:

Հիմնականում դասարանցիներիս եմ սովորեցնում տարբեր հայկական բառեր: Մի վրացի դասընկեր ունեմ, որը միշտ ինչ-որ տարօրինակ բառեր է ուզում իմանալ հայերենով, օրինակ՝ «զուգարանի թուղթ», «խայտառակ», ու ամենահետաքրքիրն այն է, որ նա հիշում է դրանք ու օգտագործում առօրյայում (ծիծաղում է):

Ինչպե՞ս ես սիրում անցկացնել ազատ ժամանակդ:

Սիրում եմ այն անցկացնել ընկերներիս հետ. գնում ենք զբոսնելու, ֆիլմեր դիտելու: Երբ տանն եմ, սիրում եմ կրկին ֆիլմեր դիտել: Իմ սիրած ժանրը մելոդրաման է: Ինչպես նշել եմ, սիրում եմ նաեւ դիմահարդարմամբ զբաղվել:

Ի՞նչ երազանքներ ունես այսօր:

Այս պահին միակ երազանքս քննություններս լավ հանձնելն ու համալսարան ընդունվելն է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անահիտ Ադամյանի Instagram-ից



© NEWS.am STYLE