10 շոկային ու կրեատիվ look հայտնիներից, որոնք հանրությունը չի կարողանում մոռանալ (ֆոտո)

20:05   21 մայիսի, 2021

Հանրությանը շոկի ենթարկելը, կարծես, աստղերի աշխատանքի անբաժան մասն է, բայց երբեմն նրանք գերազանցում են անգամ ամենակրեատիվ երկրպագուների երեւակայությունը:

Արտասահմանյան հայտնիներն իրենց ցնցող կերպարները սիրում են ցույց տալ պատասխանատու ու աղմկահարույց միջոցառումներին՝ փորձելով խամրեցնել բոլոր ներկա մրցակիցներին: Դրա համար նրանք պատրաստ են ամեն ինչի՝ ներկայանալ կիսամերկ, տարօրինակ պարագաներից պատրաստված զգեստներով, հաճախ էլ՝ դիմել ամենածայրահեղ լուծումներին:

Ներկայացնում ենք հայտնիների մտքի «ամենաբարձր» թռիչքները, որոնք տարիներ շարունակ քննարկվում են հանրության կողմից:

Ջենիֆեր Լոպեսի ամենախորհրդանշական look-երից մեկը Versace-ից լայն լանջաբացվածքով կանաչ զգեստն է, որը մինչ օրս ամենից հաճախն է հիշվում, երբ խոսվում է երգչուհու ամենատպավորիչ կերպարից: Ջեյ Լոն այն կրել է «Գրեմմիի» 1999 թ-ի մրցանակաբաշոությանը:

Անգամ միանման հագնվելը Բրիթնի Սփիրսին ու Ջասթին Թիմբերլեյքին երկար միասին չպահեց, բայց չենք կարող ժխտել այն փաստը, որ աստղերի ջինսե համադրությունը ժամանակին տպավորել էր նրանց երկրպագուներին:

Էքստրավագանտ կերպարներով հայտնի Շերը վաղուց ոչ ոքի չի զարմացնում իր յուրահատուկ զգեստներով, բայց 1998 թ-ի «Օսկարի» կարմիր գորգի նրա կերպարը երկար ժամանակ մնաց քննարկումների կիզակետում:

2000-ականներին տոպի ու կարճ գոտկատեղով տաբատների ու շրջազգեստների համադրությունը բավական թրենդային էր, բայց Փերիս Հիլթոնը, կարծես, մի փոքր չափազանցրել էր MTV Movie Awards-ի՝ 2003 թ-ի արարողության իր կերպարը:

Այն, որ Ռիհաննան ամենահամարձակ արտիստներից է, անվիճելի փաստ է, բայց երգչուհու ամենահավատարիմ երկրպագուներն անգամ չէին սպասի, որ 2014 թ-ի CFDA մրցանակաբաշխությանը նա կներկայանար մարմինը միայն բյուրեղներով ծածկող թափանցիկ զգեստով:

Լեդի Գագայի՝ 2010 թ-ի MTV-ի տեսահոլովակների մրցանակաբաշոության կերպարը քննարկվում է մինչ օրս. այն դարձել է երգչուհու՝ բոլոր ժամանակների ամենահայտնի զգեստը, քանի որ պատրաստված էր հում մսից:

Իսկ 2015-ին նույն մրցանակաբաշխությանը Մայլի Սայրուսը շոկի ենթարկեց բոլորին իր չափազանց բաց Versace զգեստով, որը հազիվ էր ծածկում երգչուհու մարմինը:

2010-ին Met Gala մրցանակաբաշխությանը Քեթի Փերին, կարծես, «Քնած գեղեցկուհի» հեքիաթի հեոսուհու՝ Ավրորայի կերպարն էր ցանկացել ստանալ: Նրա զգեստը հատուկ լույսերով էր պատրաստված, որոնք, պարբերաբար, փոխում էին դրա գույնը՝ վարդագույն, կանաչ եւ կապույտ երանգավորմամբ:

2017 թ-ին` MTV-ի հերթական մրցանակաբաշխություններից մեկին Ռիտա Օրան, երեւի, բացարձակ ժամանակ չուներ պատրաստվելու, եւ միջոցառմանը որոշել էր ներկայանալ խալաթով ու գլխին փաթաթած սրբիչով՝ ստեղծելով «լոգարանային» տրամադրություն: Ավելորդ է նշել, որ երգչուհին իր այդ look-ով «գողացել էր» մրցանակաբաշխության բոլոր հյուրերի ուշադրությունը:

Իսկ Ջարեդ Լետոյին հաջողվեց ե´ւ ցնցել, ե´ւ վախեցնել բոլորին 2019 թ-ի Met Gala-ի ժամանակ: Երգիչը միջոցառմանը ներկայացել էր՝ Gucci-ից ձեռք բերված իր սեփական «գլխով»:

Հայտնիների կերպարները՝ harpersbazaar.com-ից

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE