Ռեժիսոր Սերժ Գաբյանը՝ իր ստեղծագործական ուղու, աստղ դառնալու եւ Նարեկ Մակարյանի աննախադեպ տեսահոլովակի մասին

21:36   29 սեպտեմբերի, 2013

Սերժ, Դուք եք նկարահանել Նարեկ Մակարյանի վերջին տեսահոլովակը եւ այն, կարելի է ասել, նորություն է հայկական շոու-բիզնեսում: Ինչպե՞ս ծնվեց այդ միտքը:

Նարեկի եւ նրա պրոդյուսսեր Սոֆիա Ղուլյանի հետ դեռ ամառվա սկզբից էինք նախագծում այս երգի տեսահոլովակը, եւ շատ տարբերակներ ենք քննարկել՝ նախքան վերջնական արդյունքին հասնելը: Ոճական առումով այն մեր շուկայում, հնարավոր է, առաջինն է, չեմ հիշում կոնկրետ նման միջավայրում տեսահոլովակ մեր էկրաններին, բայց ի սզբանէ մեր խնդիրը չկրկնվելը կամ միջավայրի յուրահատկությունը չէր: Պարզապես երգն իր մթնոլորտով ինձ հիշեցրեց ջերմ, զգացմունքային հուշերով լի միջավայր, որը հանգեցրեց նման ոճի:

Այն, կարծես, ֆիլմի նման է, սցենար ունի: Մանրամասներ կներկայացնե՞ք:

Ես եւ նախագծի օպերատոր Սուրեն Թադեւոսյանն աշխատել ենք կադրում ստանալ «պատմությամբ լի» այն պատկերը, որը տեսնում եք նաեւ տեսահոլովակի թրեյլերում: Բայց տեսահոլովակն ինքնին կառուցված չէ «սերիալային» մոտեցմամբ՝ այդպիսով լայն երեւակայության եւ զգացմունքների տարածք թողնելով հանդիսատեսի համար: Տեսահոլովակը հիմնված է փոքրիկ սիրային պատմության վրա, այն բարդ զարգացումներով լի մարտաֆիլմ չէ:

Հե՞շտ էր Նարեկի հետ աշխատելը: Նրա մեջ դերասանական տաղանդ նկատե՞լ եք:

Նարեկի հետ ոչ միայն հեշտ է աշխատելը, այլ մեծ բավականություն է: Նարեկը մեծ, բնատուր դերասանական եւ բեմական տաղանդ ունի, եւ նրա հանդիսատեսի սպասումները, ըստ իս, չի կարելի բավարարել միայն երգարվեստի միջոցով, կարծում եմ՝ նա ահռելի հաջողություն կունենա նաեւ որպես կինոդերասան:

Ուրիշ ի՞նչ նախագծերի ուղղությամբ եք աշխատում:

Ես արդեն շուրջ 5 տարի է՝ արձակուրդ չեմ ունեցել, նախագծերը բազում են ու տարբեր: Ոմանք արագ են լույս տեսնում, ոմանք երկարատեւ, քրտնաջան աշխատանք են պահանջում: Այս պահին բացի Նարեկի տեսահոլովակից, աշխատում եմ նաեւ մի հետաքրքիր նախագծի վրա: Այն երաժշտական տեսահոլովակ է՝ կանադացի DJ Playdead-ի եւ միեւնույն ժամանակ շատ տաղանդավոր ոսկերիչ Սարգիս Մնացականյանի “Trance-Armor” հավաքածուի գովազդային հոլովակը: Այն պատրաստ կլինի հոկտեմբերին:

Դժվա՞ր է Հայաստանում ռեժիսոր լինելը:

Չեմ կարծում, որ դժվար է լինել այն մարդը, ով դու առանց այն էլ կաս քո հոգով-քոքով, շատ ավելի դժվար է չլինել այն, ինչ պետք է, բայց սրտանց ուզում ես լինել:

Մանկո՞ւց եք երազել այդ մասնագիտության մասին:

Ես իմ մասնագիտության մասին երբեք չեմ երազել, բայց այն, ինչի մասին երազել եմ փոքր տարիքում, հնարավոր են դառնում եւ դեռեւս կդառնան միայն իմ ընտրած մասնագիտության շնորհիվ:

Եվ ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործական ուղին:

Իմ ստեղծագործական ուղին սկսվել է այն պահից, երբ տատիկս որոշեց, որ ես պետք է դաշնակահար դառնամ: Այդ օրվանից իմ կյանքը լի է բազմատեսակ արվեստով, որի տրամաբանական շարունակությունը դարձավ բոլոր արվեստների սինթեզը՝ ռեժիսուրան: Իսկ տեսահոլովակներ սկսել եմ նկարահանել 2007 թվականից: Առաջին աշխատանքս եղել է Սիլվա Հակոբյանի I Like-ը, որը հնարավոր եղավ իրականացնել Սիլվայի այդ ժամանակվա պրոդյուսեր Արամ Ավագյանի հետ իմ դիզայներական աշխատանքի շնորհիվ:

Ձեր ամենաստացված նախագիծը...

Իմ ամենաստացված նախագիծը դեռեւս չի էլ նախագծված, եւ եթե նախագծվի, կարծում եմ՝ կլինի վերջինը:

Կթվարկե՞ք 5 հատկանիշ, որոնք, ըստ Ձեզ, անհրաժեշտ են աստղ դառնալու համար:

1. Չնկատել եւ չզգալ, որ աստղ ես: Ամենափայլուն աստղերը չգիտեն, որ փայլում են:

2. Սիրել ոչ թե հետեւանքը, այլ պրոցեսը, լինի դա երգարվեստ, թե այլ բնագավառ:

3. Եթե մարդու կյանքն ամբողջովին ընկղմված չէ իր սիրած աշխատանքի մեջ օրական 24 ժամ, նա դժվար թե երբեւէ աստղ դառնա:

4. Ստեղծել ոչ թե մարդկանց համար, այլ հանուն մարդկության:

5. Սովորել, հետո կրկնել, հետո էլի սովորել, որ հնարավորություն ստեղծվի է՛լ ավելի շատ բան սովորելու, քանի որ աստղային հաջողությունն աղանդեր է, համեղ եւ գիրացնող, իսկ անհաջողությունը՝ սպանախ, տհաճ եւ առողջարար:

Ինչ-որ կարգախոս ունե՞ք:

Կարգախոսները սպառման ժամկետ ունեն, աշխարհն իր բարքերով չափազանց արագ է փոխվում: Ինչեւէ, կարգախոսներն իմաստուն ապրելու համար չեն, այլ սեփական իմաստությունը ցուցադրելու:

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE