Բրեդ Փիթը հաղթել է երեխաների խնամակալության մասին գործը

11:25   27 մայիսի, 2021

Դատական երկարատեւ քննությունից հետո 57-ամյա դերասան Բրեդ Փիթը երեխաների համատեղ խնամակալության իրավունք է ստացել, որոնք ծնվել են եւ որդեգրվել 46-ամյա Անջելինա Ջոլիի հետ ամուսնության ընթացքում։ Խնամակալության համար պայքարը շարունակվում էր գրեթե հինգ տարի, հայտնում է Page Six-ը։

Գործին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ խնամակալության մասին համաձայնագրում «էական փոփոխություններ են մտցվել, որոնք հիմնված են դատավորի կողմից կայացված մանրամասն որոշման վրա»։ «Բրեդը պարզապես փորձում էր ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաների հետ, եւ պարզ էր, որ Էնջին արել է հնարավոր ամեն ինչ՝ դա կանխանելու համար»,- հայտարարել է նա։

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ դատարանի որոշումն առայժմ «նախնական» է, եւ Ջոլին շարունակում է դատական վեճը։ «Անջելինան չի առարկում համատեղ խնամակալության դեմ, եղել են այլ հարցներ եւս, որոնք անհանգստություն են առաջացնում, սակայն դատական քննությունը փակված է»,- նշել է աղբյուրը։  

Ի պատասխան Փիթի նախկին կինը փաստաթղթերը ներկայացրել է Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարան՝ պահանջելով կրկին գործից հեռացնել դատավոր Ջոն Ուդերքիրքիին։ Ջոլիի խոսքով՝ դատավորը հրաժարվել է լսել երեխաների ցուցմունքները ծնողների խնամակալության առնչությամբ իրենց ցանկությունների մասին, թեեւ Կալիֆոռնիայի օրենսգրքում ասվում է, որ 14 տարեկանից մեծ երեխային կարող են լսել դատարանում։

Ջոլին ու Փիթը վեց երեխա ունեն՝ 19-ամյա Մեդոքսը, 17-ամյա Փաքսը, 16-ամյա Զախարան, 14-ամյա Շայլոն եւ 12-ամյա Վիվիենն ու Նոքսը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոլին ցանկանում է Փիթի կողմից ընտանեկան բռնության ապացույցներ ցույց տալ։

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթն իրենց սիրավեպը հաստատել են 2006թ․-ին՝ հարաբերություններն օրինակացնելով 2014թ․-ին։ Նրանք ամուսնալուծվել են 2019թ․-ին։

 



© NEWS.am STYLE