«Ընկերները» սերիալի հատուկ թողարկման պրոմո-հոլովակի նկարահանումից առաջ Մեթյու Փերին շտապ վիրահատության է ենթարկվել

16:22   27 մայիսի, 2021

«Ընկերները» սերիալի հատուկ թողարկման պրոմո-հոլովակում Մեթյու Փերիի ոչ պարզ խոսքի պատճառը ոչ թե թմրամիջոցներից կախվածությունն է, այլեւ նկարահանումներից առաջ ստոմատոլոգիական վիրահատությունը։ Այս մասին The Sun-ին հայտնել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։

Ավելի վաղ երկրպագուներն ուշադրություն էին դարձել, որ «People» ամսագրին տված հարցազրույցում Փերին պարզ չի խոսել։ Շատերն էին կարծում, թե դերասանը սկսել է կրկին թմրամիջոցներ օգտագործել, սակայն աղբյուրը հերքել է այդ տեղեկությունները։

Ինսայդերի խոսքով՝ նկարահանումների օրը 51-ամհա Փերին ստոմատոլոգիական շտապ վիրահատության է ենթարկվել եւ տեսագրության ընթացքում ցավ է զգացել։ «Նրա համար ցավոտ է եղել, ինչի հետեւանքով խոսքը պարզ չի եղել։ Մեթյուն ասել է, որ մաքուր է, հարկավոր չէ անհանգստանալ»,- հայտարարել է աղբյուրը։

Մեթյու Փերին թմրամիջոցներից կախվածություն է ունեցել «Ընկերները» սերիալի նկարահանումների ընթացքում։ Դերասանը հայտարարում էր, որ չի հիշում իր կյանքի երեք տարին։



© NEWS.am STYLE