Ո՞ր երգը կատարեցին երկու անգամ եւ ինչո՞ւ Ժակլինը հուզվեց. Ladaniva խմբի երեւանյան մենահամերգի էմոցիաները (ֆոտո/վիդեո)

13:33   30 մայիսի, 2021

Հայկական ժողովրդականից մինչեւ բալկանյան երգեր, հին ու սիրված հիթեր, ինչպես նաեւ` նոր կատարումներ... Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համլիրի բեմում ֆրանսիական Ladaniva խումբն էր` լի էներգետիկայով, էմոցիաներով ու հանդիսատեսի հանդեպ երախտագիտությամբ:

Երեւանում ելույթ ունենալը խմբի վոկալիստ Ժակլին Բադասարյանի համար մեկ տարի առաջ դեռ երազանք էր, մինչդեռ երեկ` մայիսի 29-ին կայացած համերգային երեկոն, որը նախաձեռնել էր Unity Production-ը,  ոչ միայն իրականություն դարձրեց այն, այլեւ` արդարացրեց խմբի բոլոր սպասելիքները... Ծափահարություններ, ջերմություն, ծաղիկներ ու ձայնակցություն սիրված երգերի ընթացքում, ինչը Ժակլինի խոսքով` անսպասելի էր, բայց` հաճելի.

«Վերջին դեպքերից հետո, իհարկե, բոլորս ամեն ինչին այլ ձեւ ենք նայում: Նույն ցավն ենք ապրել բոլորս, բայց ես հույս ունեմ, որ Հայաստանը մի օր կդառնա անվտանգ երկիր, որտեղ կկարողանանք ապրել, ստեղծել եւ երջանիկ լինել: Մենք այսօր ուզում ենք այս դժվար պահին, այս ցավի մեջ ձեզ մի քիչ հույս տալ եւ հավատ»,-բեմից նշեց երգչուհին: «Ինձ համար շատ դժվար է, հատկապես, հիմա գալ Հայաստան, բայց կարծում եմ՝ մշակույթով ամեն-ինչ կարելի է առաջ տանել ու պահպանել»,-հավելեց նա:

Համերգի ընթացքում երգչուհին զգեստափոխվեց երկու անգամ, իսկ բեմահարթակում Ժակլինն ու խմբի մյուս երաժիշտները ոտաբոբիկ էին` կանգնած հայկական զարդանախշերով գորգերի վրա:

Երբ թվում էր, թե բոլոր անակնկալներն ավարտված են, իսկ հույզերը` փոխանցված, խումբն անսպասելի վերադարձավ բեմ, եւ Ժակլինն անակնկալ մատուցեց իր տատիկին` հատուկ նրա համար գրված երգով շնորհավորելով նրա ծննդյան օրը: Կատարման ընթացքում ոչ միայն երգչուհին, այլեւ` հանդիսատեսը չկարողացան զսպել արցունքները:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ինչպես ենթադրվում էր, հանդիսատեսի կողմից, հատկապես, բուռն ընդունվեց «Քեֆ չի լինի» երգը, որն էլ խումբը համերգի ընթացքում կատարեց երկու անգամ: Վերջում խոստացան վերադառնալ, իսկ թե երբ` ժամանակը ցույց կտա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Վահե Իսրայելյանի



© NEWS.am STYLE