Բուզովայի նախկին սիրեցյալը կիսվել է աստղից բաժանվելու մանրամասներով

15:19   31 մայիսի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի նախկին սիրեցյալ՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը (Դավա), մեկնաբանել է այլ աղջիկների հետ սիրավեպի մասին լուրերը։ StarHit-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ իր սիրտը դեռ ազատ է, ինչպես նաեւ կիսվել է հեռուսատատեսային աստղից բաժանման մանրամասներով։

Մանուկյանը Բուզովային անվանել է «մեծ աշխատասեր» եւ նշել, որ չի անհանգստանում իր ապագայի համար։ Բլոգերը հավելել է, որ իրենց հարաբերությունները անցած փուլ են, եւ այդ թեմային նա այլեւս չի վերադառնում։

«Ցավոք, այդպես ստացվեց. մենք պարզապես բնավորությամբ չէինք համապատասխանում, պետք էր բաժանվել հանուն մեր իսկ սիրո։ Ես որոշում եմ կայացրել եւ դրա համար զղջալու որեւէ իմաստ չեմ տեսնում։ Չեմ փորձում նրա հանդեպ ոչ մի վատ բան անել», - հավելել է տղամարդը։

Դավայի խոսքով՝ Բուզովայից բաժանվելուց հետո նա մինչ օրս սիրավեպ չի ունեցել այլ աղջկա հետ։

«Ում հետ հանրության առջեւ հայտնվեմ, անմիջապես նրան համարում են իմ ընկերուհին, նույնիսկ աշխատակցուհուս։ Բայց պետք է ժամանակ անցնի, եւ գուցե, այդժամ ստացվի բաց թողնել իրավիճակը եւ կրկին սիրահարվել: Եթե միանգամից այլ հարաբերություններ են սկսվում, ուրեմն ինչ-որ մեկը ստել է», - եզրափակել է Մանուկյանը։

Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ Դավան կդառնա «Դոմ-2» ռեալիթի-շոուի նոր հաղորդավարը։ «Ю» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Մանուկյանն արդեն մասնակցում է նախագծի նկարահանումներին։ Նրա մասնակցությամբ հաղորդումները եթեր կհեռարձակվեն հունիսի 1-ից։



© NEWS.am STYLE