Համակրելի ու «վտանգավոր» Քոլին Ֆարելը նշում է 45-ամյակը. դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

18:08   31 մայիսի, 2021

Հոլիվույան մի քանի տասնյակ ֆիլմերից հայտնի իռլանդացի դերասան Քոլին Ֆարելն այսօր՝ մայիսի 31-ին, նշում է ծննդյան 45-ամյակը: Համակրելի արտաքինով դերասանն իր կարիերան սկսել է 1997 թ-ից ու հայտնի է իր բազմաժանր դերերով: Այսօր՝ դերասանի ծննդյան առթիվ, NEWS.am STYLE-ն առանձնացրել է նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կհետաքրքրեն տարբեր ժանրերի սիրահարներին: Բարի դիտում:

«Ալեքսանդր»/Alexander

Սա, իհարկե, Քոլին Ֆարելի մասնակցությամբ ամենահայտնի կինոնկարն է: Պատմական ժանրի այս ֆիլմը Հին աշխարհի ամենահայտնի արքաներից մեկի՝ Ալեքսանդր Մակեդոնացու մասին է: Օլիվեր Սթոունի ժապավենում բացի Ֆարելից՝ նկարահանվել են նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Անջելինա Ջոլին, Բել Քիլմերը, Ջարեդ Լետոն, Էնթոնի Հեփքինսը, Ջոնաթան Րիզ Մայերսը եւ այլք:

«Ծովախեցգետինը»/The Lobster

Ֆանտաստիկ ժանրի այս պատմության մեջ միայնակ մարդկանց 45 օր է տրվում իրենց երկրորդ կեսին գտնելու համար, հակառակ դեպքում՝ նրանց վերածում են կենդանիների ու բաց թողնում անտառում: Ֆիլմի գլավոր դերերում հանդես են գալիս Քոլին Ֆարելն ու Ռեյչել Ուեյզը:

«Բրյուգեում»/In Bruges

Ֆիլմը վարձու մարդասպաններ Ռեյի ու Քենի մասին է, որոնք հերթական հանձնարարության ձախողումից հետո թաքստոց են փնտրում Բրյուգեում: Հայտնվելով բելգիական այդ քաղաքում՝ նրանք կյանքին նայում են այլ աչքերով եւ զղջում նախկին մեղքերի համար, սակայն անցյալը շարունակում է հետապնդել նրանց...

«Հրապուրվածները»/The Beguiled

Ֆիլմի հերոսը վիրավոր զինվորական է, որը հանգամանքների բերումով հայտնվում է կանանց գիշերօթիկում ու փոխում այնտեղի մթնելորտն իր ներկայությամբ: Գլխավոր հերոսի դերում Քոլին Ֆարելն է, իսկ նրա խաղընկերուիների դերում՝ Նիկոլ Քիդմանը, Քրիստեն Դանսթը եւ Էլլ Ֆաննինգը:

«Սարսափի գիշերը»/Fright Night

Այս ֆիլմը կհետաքրքրի սարսափ ժանրի սիրահարներին: Այն պատմում է համակրելի տղամարդու մասին, որի արտաքինը, սակայն, խաբուսիկ է, չէ՞ որ դրա ետեւում թաքնված է իսկական հրեշ:

Լուսանկարը՝ PA



© NEWS.am STYLE