ԱՄՆ-ում մահացել է «Առանց դեմքի» ֆիլմի դերասանուհին

12:13   2 հունիսի, 2021

57 տարեկանում մահացել է ամերիկացի մոդել եւ դերասանուհի Ռոմի Ուոլթհոլը, որը հայտնի է «Առանց դեմքի», «Աշերների տուն» ֆիլմերում, «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալում իր դերերով։ Լուրը Variety-ի հետ զրույցում հաստատել է նրա որդին՝ դերասան եւ ռեժիսոր Մորգան Կրանցը։ Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։

Ռոմի Ուոլթհոլը, որը ծնվել է Տեխաս նահանգում, 1980թ․-ին հաղթանակ է տարել տեղի գեղեցկության մրցույթում։ Նա 17 տարեկանում պայմանագիր է կնքել «Ford Models» գործակալության հետ եւ սկսել է աշխատել Եվրոպայում։ Ավելի ուշ նա որոշել է դերասանուհի դառնալ։ Երբեմն ենթագրերում նշվել է նրա կեղծանունը՝ Ռոմի Վինձոր։ Նա իր առաջին դերը ստացել է 1984թ․-ի «Սրտեր առեւանգողը» ֆիլմում։ 1997թ․-ին «Առանց դեմքի» ֆիլմում նա մարմնավորել է Կիմբերլիի կերպարը՝ Ջոն Տրավոլտայի կերպարի քարտուղարուհին։ Ռոմին կինոյում իր կարիերան ավարտել է 2011թ․-ին՝ սկսելով զբաղվել դերասական վարպետության ուսուցմամբ։

Նա երեք երեխա ունի՝ Մորգանը, Իզաբելան եւ Թեոդորը։



© NEWS.am STYLE