Տեսահոլովակի պրեմիերա. Աննա Խաչատրյան-«Շուշի»

20:15   3 հունիսի, 2021

Երգչուհի Աննա Խաչատրյանը ներկայացրել է իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։

Տեսահոլովակը նկարել է Ուկրաինայից ժամանած հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։ Այն նկարահանվել է Հայաստանի տեսարժան վայրերում։

«Ինչպես իմ բոլոր գործընկերների՝ ինձ համար եւս 2020-ը շատ ծանր տարի էր՝ թե կորոնավիրուսի, թե պատերազմի պատճառով: Բայց, իհարկե, ավելի ծանր էին պատերազմի հետեւանքները: Պանդեմիայի ժամանակ կային որոշ երգիչներ, որոնք ռեպերտուարային փոփոխություններ սկսեցին անել, բայց ես տրամադրություն չունեի, պատերազմից հետո՝ առավել եւս: Ես՝ ինքս, Արցախից չեմ, բայց այդ թեման ինձ համար շատ ծանր է, ու եթե հիմա ինչ-որ բանով պիտի ներկայանայի, այն պետք է ունենար ասելիք: Կարծում եմ՝ չեմ սխալվել, թեեւ ասելիքս այդ թեմայով ավելի շատ է...»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով երկար դադարից հետո «Շուշի» ստեղծագործությամբ երգարվեստ վերադառնալուն, նշել է երգչուհին:



© NEWS.am STYLE