20:02 30 սեպտեմբերի, 2013Աշխարհահռչակ երգչուհի Շերը խոսել է բեմական գործընկերուհու՝ լեգենդար Մադոննայի մասին: Reddit կայքին տված հարցազրույցում 67-ամյա Շերն ասել է. «Ես երբեք չեմ ատել Մադոննային: Ես պարզապես նրան անպատկառ եմ համարել: Իրականում ես հարգում եմ նրան: Մադոննան, հավանաբար, այն արտիստուհիներից է, ում ես տաղանդավոր եմ համարում: Երբեք չեմ սիրել նրա ձայնագրություններն ու այն ամենը, ինչ նա անում է, բայց նա միշտ իր ալիքի գագաթին է: Նա առաջինն էր ինչ-որ միտումներում եւ հրաշալի հոլովակներ ուներ»,- հայտարարել է երգչուհին:
Անցյալ շաբաթ նույնպես հարցազրույցներից մեկում Շերը կարծիք էր հայտնել գործընկերուհու մասին՝ նշելով, որ Մադոննան «ճանապարհ է հարթել» ներկայում հայտնի շատ արտիստների համար, այդ թվում՝ Լեդի Գագայի:
«Գագան ամեն ինչ ստացավ, բայց երաժշտության մեջ այդ ամենը Մադոննան է արել»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ Շերը 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիադան բացելու հրավեր էր ստացել:
Սակայն 67-ամյա աստղն անմիջապես հրաժարվել է: Նա պարզաբանել է, որ պատճառը սեռական փոքրամասնությունների հանդեպ Ռուսաստանի կառավարության բացասական վերաբերմունքն է:
«Ես չեմ կարող անուն նշել, բայց իմ մի ընկերը՝ հայտնի օլիգարխ, ինձ հարցրեց, թե չէի՞ ցանկանա, արդյոք, դառնալ Օլիմպիական խաղերի դեսպանը եւ բացել հանդիսությունը: Ես անմիջապես ասացի՝ ոչ, քանի որ ցանկանում եմ իմանալ, թե որտեղից է համասեռամոլների հանդեպ այդքան բացասական վերաբերմունքը Ռուսաստանում: Նա պատասխանեց, որ ռուս ժողովուրդը կառավարությունից տարբեր տեսակետ ունի»,- հայտարարել է Շերը: