Նոր ոճ, non stop ելույթներ ու պրեմիերաներ. Իվետա Մուկուչյանի համերգն ու միասնական լինելու կոչը (ֆոտո/վիդեո)

10:32   5 հունիսի, 2021

«Այսօր մի փոքր այլ համերգ է լինելու»՝ ահա, թե ինչ խոստացավ Իվետա Մուկուչյանը՝ բարձրանալով բեմ, ու իրականացրեց իր խոստումը: Երգչուհու երեւանյան հերթական համերգը կայացավ երեկ՝ հունիսի 4-ին, Alteration փառատոնի շրջանակում՝ «Այրարատ» կինոթատրոնում:

Բեմից այն կողմ հանդիսատեսն, իսկապես, զգաց «ուրիշ Իվետային»՝ ոչ միայն շեկ բոբ սանրվածքով պայմանավորված, այլեւ՝ յուրահատուկ էներգետիկայով, որը երգչուհին փոխանցեց non stop ծրագրի շրջանակում:

Մոտ մեկ ժամ տեւած համերգի ընթացքում Իվետան հասցրեց ներկայանալ 3 կերպարով ու կատարել ինչպես հայտնի, այնպես էլ՝ նոր ստեղծագործություններ: Համարներից մեկի ընթացքում նրան միացավ նաեւ A. Chilla-ն:

Վերջին՝ United երգը կատարելիս Իվետան նկատեց, որ մարդիկ, սովորաբար, միասնական են դժվար շրջանում, եւ խորհուրդ տվեց միասնական լինել նաեւ խաղաղ օրերին.

«Քննադատելու փոխարեն փորձենք հասկանալ ու օգնել դիմացինին՝ անկախ հանգամանքներից: Միամիտ չեմ այնքան, որ կարծեմ՝ բոլոր խնդիրներն արագ լուծում կստանան, բայց համառ եմ այնքան հավատալու, որ հավաքական «մենք»-ն ինձ ու քեզ միայնակ չի թողնի»:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել երգչուհու համերգին ու ֆիքսել հետաքրքիր պահերը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE