Արքայազն Չարլզը կարող է խախտել 200-ամյա թագավորական ավանդույթը, երբ գահ բարձրանա

14:08   5 հունիսի, 2021

Այս տարի Եղիսաբեթ II-ը նշել է իր 95-ամյակը։ Չնայած պատկառելի տարիքին՝ թագուհին մտադիր չէ լքել գահն ու ակտիվ աշխատում է։ Ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից գրեթե մեկ ամիս անց նա հայտնվել է խորհրդարանում, իսկ վերջերս այցելել է ավիակիր, որն անվանվել է իր պատվին։ Այն դեպքում, եթե թագուհին հրաժարվի գահից, ապա նրան կփոխարինի ավագ որդին՝ արքայազն Չարլզը։

Ավելի վաղ Ուելսի արքայազնն արդեն հայտարարել էր, որ կկրճատի միապետության անդամներին, երբ կդառնա Մեծ Բրիտանիայի թագավոր: Ամենայն հավանականությամբ, «հարվածի» տակ կհայտնվեն Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին։ Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Չարլզը կարող է խախտել 200-ամյա թագավորական ավանդույթը եւ հրաժարվել Բուքինգհեմյան պալատ տեղափոխվելուց: Այժմ նա կնոջ՝ Կամիլա Պարկեր-Բոուլզի հետ ապրում է Կլարենս հաուսում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ Եղիսաբեթ II-ը կարող է թագը փոխանցել իր թոռանը՝ արքայազն Ուիլյամին։

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE