Տարանտինոն պատմել է` ինչով է տարբերվելու «Մեկ անգամ Հոլիվուդում» վեպը համանուն ֆիլմից

11:09   6 հունիսի, 2021

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն թողարկման է պատրաստում «Մեկ անգամ Հոլիվուդում» վեպը։ Համանուն ֆիլմը վարձույթում է հայտնվել 2019 թվականին եւ առաջադրվել է «Օսկար»-ի ինը մրցանակի:

Ֆիլմի վրա Քվենտին Տարանտինոն աշխատել է մոտ 5 տարի։  Շատ ժամանակ ռեժիսորից պահանջվեց հավաքել եւմանրակրկիտ ուսումնասիրել նյութը։ Նրա խոստովանությամբ՝ այս տարիների ընթացքում արդեն մերվել է նախագծի հետ․ ոչ մի այլ կինոնկարի հանդեպ Տարանտինոն այդպիսի զգացողություն չի ունեցել։

Սակայն ֆիլմով Տարանտինոն որոշել է չեզրափակվել։ Ժապավենի արտադրության ընթացքում այնքան բան է կուտակվել, որ նա որոշել է ամեն ինչ համատեղել ու համախմբել վեպում։ Տարանտինոյի խոսքով՝ դա պարզապես ֆիլմի վերապատմում չէ։ Երկրպագուներին սպասում է ֆիլմի «ամբողջական վերաիմաստավորումը»։

«Ես չեմ վերցրել սցենարը եւ վերաշարադրել այն՝ ավելացնելով մի քանի լրացուցիչ տեսարաններ», - ասել է ռեժիսորը Pure Cinema փոդքասթում:

Ինչպես նշել է Տարանտինոն, վեպում, ի տարբերություն ժապավենի, կերպարներն ավելի մշակված կլինեն։ «Մեկ անգամ Վեգասում»-ի գրական տարբերակում հատուկ տեղ կզբաղեցնի Քլիֆ Բուտը, որին ֆիլմում մարմնավորել է Բրեդ Փիթը։ Տարանտինոն նշել է, որ ֆիլմի թողարկումից հետո հասկացել է, որ կերպարը չափազանց խորհրդավոր է ստացվել։ Բուտի անցյալի մասին մանրամասները երկրպագուները կիմանան գրքից, որը վաճառքի կհանվի արդեն հունիսի 29-ին:



© NEWS.am STYLE