Ջոնի Դեփը նշում է 58-ամյակը. ընտանիքից մինչեւ սիրավեպեր, ձերբակալություններից մինչեւ բարեգործություն՝ 14 հետաքրքիր փաստ դերասանի մասին

17:05   9 հունիսի, 2021

Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր եւ երաժիշտ Ջոնի Դեփն այսօր՝ հունիսի 9-ին, նշում է ծննդյան 58–ամյակը: Դեփն աշխարհի կինոսերներին հայտնի է իր բազմերանգ կերպարներով, որոնցից ամենատպավորիչը, թերեւս, ծովահեն Ջեք Ճնճղուկն է՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, բայց դերասանի դեբյուտը կինոաշխարհ եղել է «Մղձավանջ հանգույցների փողոցում»/A Nightmare on Elm Street ֆիլմով:

Դեփը մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, բայց հատկանշական է, որ այդ շարքում դեռեւս բացակայում է «Օսկարը»:

Դերասանի ծննդյան առթիվ առանձնացրել ենք նրա մասին մի քանի այլ հետաքրքիր փաստ:

Դերասանի ամբողջական անունն է՝ Ջոն Քրիտոֆեր Դեփ II: Նա ծնվել է սպասուհի Բեթի Սյուի եւ շինարար Ջոն Քրիստոֆեր Դեփի ընտանիքում: Դեփը երկու ավագ քույր ունի եւ մեկ եղբայր:

Ապագա աստղն իր առաջին կիթառը որպես նվեր ստացել է 12 տարեկանում՝ մայրիկի կողմից: Այդ պահից սկսած Դեփն այնպես է տարվել երաժշտությամբ, որ 16-ում, նույնիսկ, լքել է դպրոցը՝ դրանով զբաղվելու համար: Երկու շաբաթ անց, սակայն, պատանի Դեփը որոշել է վերադառնալ դպրոց շարունակելու ուսումը, բայց տնօրենը նրան խորհուրդ է տվել հավատարիմ մնալ իր որոշմանն ու գնալ երաժշտական երազանքի հետեւից: Այդպիսով, Ջոնին սկսել է նվագել տարբեր ռոք բենդերում՝ հետեւելով իր երազանքին:

Դեփն ունի բրիտանական, ֆրանսիական, գերմանական եւ իռլանդական արմատներ:

Ջոնի Դեփի առաջին կինը եղել է Լորի Էնն Էլիսոնը: Զույգն ամուսնացել է 1983 թ-ին:

Դեփին դերասանական կարիերայով զբաղվել խորհուրդ է տվել մեկ այլ աստղ՝ Նիկոլաս Քեյջը: Նրանք ծանոթացել են Լորիի շնորհիվ, եւ հենց Քեյջն է բարեխոսել, որպեսզի Ջոնին մասնակցի «Մղձավանջ հանգույցների փողոցում» ֆիլմի քասթինգին:

Դերասանի ամենահաջող համագործակցությունները, սակայն, ռեժիսոր Թիմ Բարթոնի հետ ծանոթությունից սկսվեցին, ու նա դարձավ ռեժիսորի ամենայուրահատուկ կերպարների կերտողը: Առաջին համագործակցությունն, ի դեպ, կայացել է 1990 թ-ին՝ «Մկրատաձեռք Էդվարդը» ֆիլմի շրջանակում, որտեղ Դեփը մարմնավորում է գլխավոր հերոսին:

«Մկրատաձեռք Էդվարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում Ջոնի Դեփի եւ նրա խաղընկերուհիներից Վայնոնա Ռայդերի միջեւ ծնվեց սիրավեպ: Ջոնն այնքան սիրահարված էր, որ, նույնիսկ, դերասանուհու անունը դաջել էր մարմնին: Այժմ, սակայն, այդ դաջվածքը վերափոխվել է Wino Forever-ի:

Բարթոնի հետ լավագույն համագործակցություններից է նաեւ «Քնած հովիտը»/Sleepy Hollow ֆիլմը, որի ընթացքում դերասանը ծանոթացել է իր սիրելի ընկերոջ՝ Goldeneye (Ոսկեաչք) անունով ձիու հետ, որին դերասանը նկարահանումներից հետո որդեգրել է:

Դեփը հայտնի է ոչ միայն իր տաղանդավոր, էքսցենտրիկ կերպարներով եւ հագեցած դերասանական ուղիով, այլեւ՝ իր անվան շուրջ պտտվող սկանդալներով: 90-ականներին դերասանը, նույնսիկ, ձերբակալվել է, այն էլ՝ երկու անգամ: Մի դեպքը եղել է 1994-ին՝ Նյու Յորքի հյուրանոցներից մեկի իր համարը վնասելու պատճառով, իսկ մյուսը՝ 1999-ին՝ Լոնդոնում՝ պապարացցիի հետ վիճաբանության համար:

«Շոկոլադ» ֆիլմի աստղն, ի դեպ, ալերգիա ունի շոկոլադից:

Ջոնի Դեփի ամենաերկար սիրային հարաբերությունները եղել են դերասանուհի Վանեսա Պարադիի հետ: Զույգը միասին էր 1998-ից 2012թ-երին: Նրանք ունեն նաեւ համատեղ երեխաներ՝ Լիլի-Ռոուզ Դեփն ու Ջոն Քրիստոֆեր «Ջեք» Դեփ III-ը: Բացի Լորի Էլիսոնից՝ Դեփը պաշտոնապես ամուսնացած է եղել եւս մեկ անգամ՝ դերասանուհի Էմբեր Հերդի հետ:

«Կարիբյան ծովի ծովահանները» ֆիլմի Ջեք Ճնճղուկի կերպարն այնքան է դուր եկել դերասանին, որ նկարահանումների ավարտից հետո նա երկար ժամանակ կրում էր ոսկե ատամներ:

2009-ին People ամսագիրը Դեփին ճանաչել է «Ամենասեքսուալ տղամարդը»:

Այն բանից հետո, երբ 2007-ին Լիլի-Ռոուզ Դեփն ունեցավ երիկամների հետ լուրջ խնդիր, Դեփը սկսեց օգնել մանկական կենտրոնների հիվանդ երեխաներին: Նա Ջեք Ճնճղուկի կերպարով այցելում էր հիվանդանոցներ, զվարճացնում երեխաներին…Դերասանը մեկ միլիոն դոլոր է նվիրաբերել նրանց բուժման համար:

Լուսանկարները՝ Getty Images, Pinterest, Kevin Winter/Getty Images, Splash news, Ron Gallela/Wireimage, Children’s Hospital Foundation/Facebook



© NEWS.am STYLE