Երեկոն՝ Նատալի Փորթմանի հետ. դերասանուհին այսօր նշում է 40-ամյակը

19:31   9 հունիսի, 2021

Նատալի Փորթմանն այսօր՝ հունիսի 9-ին, նշում է ծննդյան 40-ամյակը: Սիրունատես դեմքով հոլիվուդյան դերասանուհին ճանաչման է հասել «Պրոֆեսիոնալը» ֆիլմում իր դերով, որտեղ պատանի աղջնակի խաղընկերը, ոչ ավել, ոչ պակաս, հանրահայտ դերասան Ժան Ռենոն էր:

Դերասանուհու խաղացանկը ներառում է նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Աստղային պատերազմներ», «Սեւ կարապը», «Թոր», «Այնտեղ, որտեղ սիրտն է» եւ այլն:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է Նատալի Փորթմանի մասանակցությամբ 4 ֆիլմ, որոնցով կարող եք ավելի հետաքրքիր դարձնել ձեր երեկոն:

«Պլանետարիում/Planetarium»

2016 թ-ին էկրաններ բարձրացած այս ֆիլմը երկու քույրերի՝ Քեթի ու Լորայի մասին է: Ամերիկուհիները տեղափոխվում են Փարիզ եւ ներկայանալով որպես մեդիումներ՝ ելույթ են ունենում իրենց ծրագրով, ինչով էլ գրավում են հանրահայտ ռեժիսոր Անդրե Կորբենին: Վերջինը որոշում է Լորիի գլավոր դերակատարմամբ ֆիլմ նկարահանել պարանորմալ երեւույթների մասին՝ հույսը դնելով քույրերի տաղանդի վրա: Նրա մտքով անգամ չի անցնում՝ իսկ ի՞նչ, եթե աղջիկները հասարակ խաբեբաներ են:

Ֆիլմում Նատալիի կողքին նկարահանվել է նաեւ Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեփը: Ռեժիսորը Ռեբեկա Զլոտովսկին է:

«Հպարտություն եւ նախապաշարմունք ու զոմբիներ»/Pride and Prejudice and Zombies

Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2016 թ-ին: Ռեժիսոր Բյոր Սթիրսը պատմում է զոմբիներով շրջափակված Լոնդոնի մասին: Քայլող մեռյալներից փրկվելու համար մարդիկ ստիպված են լինում քաղաքը բաժանել մի քանի մասերի, իսկ պարոն Բեննեթը, իր աղջիկների անվտանգության մասին մտահոգվելով, նրանց սովորեցրել է տիրապետել մարտական արվեստի ու զենքերի: Ուսուցումն ավարտելուց հետո Էլիզաբեթ Բեննեթը քույրերի հետ իսկական մարտիկների են վերածվում, որոնք պայքարում են հանուն մարդկության ապահով կյանքի:

«Լյուսին երկնքում»/Lucy in the Sky

Ֆիլմի հիմքում կին-տիեզերագնաց Լիզա Մարիա Նովակի կենսագրությունն է, նրա կիրքը տիեզերքի հանդեպ, որն ամեն ինչ նրա համար դարձնում է այլեւս անհետաքրքիր ու անպետք: Ժապավենն էկրաններ է բարձրացել 2019-ին, ռեժիսորը Նոա Հոուլին է:

«Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը»/The Death and Life of John F. Donovan

Ֆիլմն էկրաններ է բարձրացել 2018-ին. այն պատմում է Ռուպերտ Թերների՝ 11-ամյա մի տղայի մասին, որը տեղափոխվելով նոր դպրոց, չի հաջողացնում ձեռք բերել նոր ընկերներ, իսկ մոր հետ վաղուց շփում չունի, այդ պատճառով էլ շատ միայնակ է զգում: Մի օր տղան որոշում է գրել իր սիրելի դերասանին՝ Ջոն Ֆ. Դոնովանին, եւ, անսպասելիորեն, ստանում պատասխան նրա կողմից: Այդպիսով, ձեւավորվում է ընկերություն տղայի եւ հանրահայտ դերասանի միջեւ, ինչը, սակայն, կինոաստղի համար շատ վտանգավոր է դառնում, քանի որ այդ նամակագրությունը շատ փակ մանրամասներ է պարունակում նրա կյանքի մասին:

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE