Ուղեղի մարզման վեց վարժություն՝ դրական տրամադրվածությունը պահպանելու համար

21:12   17 հունիսի, 2021

Ձգտեք դեպի կենտրոն

Մի տրվեք բացասական էներգիայի կործանիչ ուժին, փորձեք հավասարակշռություն պահպանել, օրինակ, յոգայի, մեդիտացիայի, խորը շնչառության, զբոսնելու կամ որեւէ այլ հաճելի զբաղմունքի միջոցով։ Կենտրոնը պահպանելու վարժության ստեղծած հանգստացնող էներգիան պարուրում է մարմինը՝ ամրապնդելով հոգին ու օգնելով պահպանել դրական տրամադրվածությունը։

Հենց հիմա

Երբ ուղեղը կենտրոնացած է ավարտված գործերի հաջողության վրա, բացասական էներգիան անզոր է։ Դուք հավանաբար կհարցնեք. իսկ անախորժ ու հիասթափեցնող արտաքին գործոննե՞րը։

Միշտ էլ անսպասելի բաներ են տեղի ունենում, բայց մնալով ակտիվ ու կենտրոնանալով օրվա դրական ավարտի վրա, դուք կկարողանաք անտեսել զանազան սադրանքներն ու անախորժությունները։

Ճիշտ սնունդ ու առողջ քուն

Դարերով հայտնի է, որ սննդի, ջրի ողջամիտ գործածումն ու քունը շատ են ազդում մեր տրամադրության ու հոգեկան առողջության վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հենց միայն վիտամինների պակասը վատացնում է հոգեկան առողջությունը, ինչը կարող է հանգեցնել սթրեսի, տագնապի, դեպրեսիայի, կախումների ու այլ հոգեբանական խանգարումների։

Իսկ ինչ վերաբերում է քնին, ապա տվյալները վկայում են այն մասին, որ քնի պակասը առաջացնում է գրգռվածություն, բարկություն ու թշնամանք։ Ամուր քնեք ու ամեն օր նույն ժամին պառկեք քնելու։ Նույնիսկ մանրուքները կարեւոր նշանակություն ունեն՝ կերեք օգտակար սնունդ, խմեք շատ ջուր, քնեք օրական 8 ժամ։

Օգնեք ուրիշներին

Երբեմն դրական տրամադրությունը պահպանելու լավագույն միջոցը ուրիշներին օգնելն է։ Մի վախեցեք ձեր դրական տրամադրությամբ ձեր ընկերոջ վատ օրը փրկելուց՝ նրա բացասական էներգիան ձեզ չի վարակի։ Օգնեք լուսավորել նաեւ նրա օրը ու դրանից ձեր օրն էլ կլուսավորվի։ Դրական էներգիան տասնապատկված չափով ձեզ կվերադառնա։

Մարզում ու ներքին բուժական աշխատանք

Երբեմն դրական արդյունքի համար մենք պետք է ազատվենք անցյալ բացասական փորձից, որը մեր հոգու խորքում նստվածք է թողել։ Մեդիտացիայի, յոգայի նման վարժությունները հոյակապ մեկնարկ են։ Սեփական ներաշխարհում ճամփորդելը կարող է բուժել այն սկզբնական վերքը, որի արմատները երբեմն մինչեւ մանկություն են հասնում։

Երբ դուք ձեր հին վերքերին ուղղեք ձեր սերն ու դրական էներգիան, դրանք կբուժվեն ու վախը կվերանա։ Դուք կկարողանաք ազատվել նախկին բացասական բեռից ու առաջ շարժվել։

Հետեւեք հոգու շարժմանը

Ամենատարրական բաներից մեկը, որը կարող է անել մեզնից յուրաքանչյուրը՝ անել այն , ինչ ՍԻՐՈՒՄ է։Եթե ձեր աշխատանքը կամ նախասիրությունը պարունակում են մի բան, որը ձեզ շեղում է ձեր նպատակից կամ ցանկալի հոգեվիճակից, ուրեմն ժամանակն է փոխել այն։

Գրի առեք երեք բան, որը սիրում եք անել, իսկ հետո երեք դրական փոփոխություն, որը կուզեիք տեսնել աշխարհում։ Համեմատեք դա ձեր ներկա կենսակերպի հետ ու պարզեք, թե որտեղ են համընկնում ցանկալին ու իրականը։ Հետեւեք ձեր հոգու կոչին, դա ամբողջ կյանքում դրական էներգիա պահպանելու ամենակարեւոր գաղտնիքներից մեկն է, վստահեք ձեզ ու շատ ավելի լավը կդառնաք։

Հետեւեք այս քայլերին, որպեսզի ցանկացած իրավիճակում դրական տրամադրություն պահպանեք, ու կյանքը կհարթվի։

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE