Քանի օր, քանի գիշեր նրան սպասած հանդիսատեսն ու «անիրական» էներգիայով լի Էրիկը. երգչի մենահամերգի հետաքրքիր դրվագները (ֆոտո/վիդեո)

17:05   12 հունիսի, 2021

Երգիչ Էրիկ Կարապետյանը հունիսի 10-ին հերթական անգամ ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար: Էրիկի մենահամերգը կայացավ Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ երգչին միշտ ջերմությամբ սպասող ու ծափահարող հանդիսատեսով լի դահլիճում: Երեկոյի ընթացքում Էրիկն անիրական հույզեր պարգեւեց իր երկրպագուներին եւ հյուրերին՝ նրանց իր հետ տանելով յուրաքանչյուր երգի պատմության հետքերով: Իսկ համերգի մեկնարկն, իհարկե, տրվեց ամենակարեւոր խոսքերով.

«Չէր լինի այս ամենը, այս համերգը, եթե չլինեին մեր հերոս տղաները, որոնք իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքի, մեր ապրելու շարունակության համար: Կարծում եմ՝ նրանց արարքը խոսում է այն մասին, որ մենք պարտավոր ենք ապրել, ստեղծել, ուժեղանալ, հզորանալ, է´լ ավելի հզոր հայրենիք, է´լ ավելի հզոր բանակ ու մշակույթ ունենալ: Շնորհակալ եմ, որ դուք այսօր ինչ-որ չափով իմ փոքրիկ մշակույթի կողքին եք: Միասին մենք շատ ուժեղ կլինենք: Ուզում եմ նաեւ ծափահարենք այն տղաներին, որոնք այս պահին են սահմանին կանգնած, խոնարհվում եմ նրանց առջեւ»,-իր խոսքում նշեց Էրիկը:

Առնո Բաբաջանյանի «Твои следы» եւ Շառլ Ազնավուրի Reste երգի հայերեն տարբերակը՝ «Մնա»-ն կատարելուց հետո երգիչը նկատեց՝ հրաշալի է, որ նոր սերունդը նույնքան ջերմությամբ է վերաբերվում լեգենդար հայերի ստեղծագործություններին:

«Հաճելի է, որ չեք մոռանում, որ շարունակում եք ձայնակցել ինձ նաեւ այս երգերի ընթացքում: Ուրախ եմ, որ կա նման հանդիսատես, որ լսում ու գնահատում է մեր մեծերի ստեղծագործությունները, ինչը շատ կարեւոր է»:

Մոտ երեք ժամ տեւած համերգի ընթացքում երգիչը սկզբում հուզեց իր ռոմանտիկ սիրո երգերով, հետո՝ բարձրացրեց բոլորի տրամադրությունն իր պարային ռիթմերով՝ բեմի շուրջ հավաքելով հանդիսատեսին: Էրիկը կատարեց ինչպես հին, այնպես էլ՝ վերջին շրջանում թողարկված ստեղծագործություններից:

NEWS.am STYLE ներկա է եղել երգչի մենահամերգին: Մանրամասները՝ մեր ֆոտո եւ վիդեո անդրադարձներում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE