Ռեժիսոր Ադասինսկին հեռացել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնից Բուզովայի մասնակցությամբ ներկայացման պատճառով

11:42   14 հունիսի, 2021

«Derevo» թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Անտոն Ադասինսկին հայտարարել է,  որ Օլգա Բուզովայի մասնակցությամբ  ներկայացման պատճառով դադարեցնում է համագործակցությունը Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովը Բուզովային հրավիրել էր՝ խաղալու Ստալինի երիտասարդության մասին պատմող «Հրաշալի վրացին» ներկայացման մեջ։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ թատրոնը «հայփի է դիմել»։

«Ես՝ «Ոսկի» մանկական մյուզիքլի հեղինակն ու ռեժիսորը, ստիպված եմ հայտարարել, որ դադարեցնում եմ համագործակցությունը թատրոնի հետ։ «Ոսկին» այլեւս չի լինի Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի բեմում»,- թատրոնին ուղղված բաց նամակում գրել է Ադասինսկին, որը հրապարակվել է «Derevo» թատրոնի՝ «ВКонтакте» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

Ռեժիսորը դա կապել է Բուզոնվային հրավիրելու, ինչպես նաեւ Ստալինի անվան հետ, որի գործողությունների հետեւանքով, ռեժիսորի խոսքով, տուժել են իր ընտանիքի անդամները։

Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ «Ոսկի» ներկայացումը ակադեմիական թատրոնի, Մարինա Լանդի եւ Սերգեյ Վասիլեւի մանկական երաժշտական թատրոնի, «Derevo» լաբորատորիայի համատեղ նախագիծն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020թ․-ի փետրվարի 29-ին։

Ավելի վաղ թատրոնի մամուլի հարցերով պատասխանատու Վիկտորյա Մուսինա-Պուշկինան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ սեպտեմբերին Բուզովան կշարունակի խաղալ «Հրաշալի վրացին» ներկայացման մեջ։ Ընդ որում, երգչուհին հրավիրված չէ թատերախումբ, նրան հրավիրել են մի դերի համար։



© NEWS.am STYLE