Երեւանում մեկնարկեց «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը (ֆոտոռեպորտաժ)

11:25   2 հոկտեմբերի, 2013

Երեւանում մեկնարկեց «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը: Այն անցկացվում է արդեն 11-րդ անգամ: Բացման արարողությունը կայացավ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ռուսական դրամատիկական թատրոնում, «1927» Թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» ներկայացմամբ:

Ի դեպ, փառատոնը, որը լի է լինելու անակնկալներով եւ նորարարություններով, անցկացվում է հոկտեմբերի 1-ից 12-ը, այնպես որ թատրոնի սիրահարները կարող են վայելել բազում հետաքրքիր ներկայացումներ:

Պետք է նշել, որ «Հայֆեստ 2013»-ն այս տարվանից փոխել է քաղաքականությունը՝ կապված հանդիսատեսի հետ: Փառատոնի կազմակերպիչները որոշել են, որ այսուհետ լինելու է ազատ մուտք բոլոր ներկայացումների համար, որը հնարավորություն կտա ավելի շատ հանդիսատես բերել թատրոն:

Այս տարի փառատոնի ընթացքում Հայաստանը կներկայացնի 6 թատերախումբ, որից 2-ը՝ մարզային, 4-ը՝ երեւանյան: Ծրագրում առավելապես ընդգրկված են երիտասարդ ռեժիսորների ներկայացումներ: Նշենք, որ անցած 10 տարիների ընթացքում «ՀայՖեստ» փառատոնի շրջանակում Հայաստանում թատերական ներկայացումներով հանդես են եկել ավելի քան 1.500 արտասահմանցի մասնակիցներ 50 երկրից:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE